Որտեղ` փող, այնտեղ` շահերի բախում: Իսկ եթե խոսքը 55 միլիոն դրամի մասին է, որով կարելի է Երևանում երկու տուն գնել, ապա շահերի բախումը կարող է նաև շատ սուր լինել` պատճառ դառնալով մարդու առեղծվածային մահվան:
«Մանանա Գրեյն»-ից հափշտակված միլիոնների գործով, իրավական տեսանկյունից շահագրգիռ կողմերը երկուսն են` այդ մեծ գումարը կորցրած կողմը, և այն գողացողները, որոնց համար երկու բնակարանի փողը ոչ թե երկնքից թափված մանանայի սերմնահատիկ է, այլ միջնաժամկետ օգտագործման «բարբիքյու» /կամ պիտի դառնար/: Բայց կա նաև շահագրգիռ երրորդ կողմը` իրավապահ համակարգը, որը միջամտում է օրենքի ուժով, սակայն կարող է «ձեռքերը տաքացնել»` այս կամ այն կողմի օգտին քննություն տանելով: Իսկ թե ով է շահում կամ տուժում այդ նախաքննությունից` ցույց են տալիս այդ ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ու դեպքերը, որոնք մտորելու տեղիք են տալիս:
Սույն գործով մեղադրյալներն սկզբում երեքն էին` 27-ամյա գործազուրկ, Էդգար Կարաքեշիշյանը, նրա հասակակից, բարձրագույն կրթությամբ Աշոտ Առուշանյանը, ով մինչև կալանավորվելն աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասում` որպես ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, ինչպես նաև գործազուրկ Արտաշես Գալուստյանը: Սակայն վերջինիս մեկ ամիս կալանքի տակ պահելուց և ստորագրությամբ ազատ արձակելուց 6 օր անց գտել էին Նոր-Արեշի իրենց տան բակում, հոր հետ` կախված վիճակում: Գալուստյանների դեպքը որակվել էր որպես ինքնասպանություն, և այդ հիմքով գողության մեջ մեղադրվող Արտաշես Գալուստյանի մասով մեղադրանքը կարճվել էր: Ընդ որում, դատաքննության նյութերից երևում է, որ հենց նա է իր ցուցմունքներով առավելապես օգնել հանցագործության բացահայտմանը` գտնվելով ինչ-ինչ հանգամանքներում:
Ըստ գործի նյութերի` Էդգարն ու Արտաշեսը որոշել են գողություն անել, և որպեսզի աչքները մի բան տեսնի` նախ հարուստ «զոհ» են փնտրել: Այդ նպատակով, 2011-ի հունիսի սկզբներին, Երևանի «Կարապի լճին» հարակից տարածքի սրճարաններում նրանք մի քանի անգամ հանդիպել են Էդգարի ընկերոջը` բռնցքամարտիկ Աշոտ Առուշանյանին: Վերջինս, ավելի վաղ աշխատելով վերոնշյալ բանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղում` անձամբ է սպասարկել Արարատի մարզի գյուղերից մեկում գործող «Մանանա Գրեյն» ընկերությանը և իմացել, թե փոխտնօրեն Արմեն Մանուկյանը երբ, ինչ ավտոմեքենայով է գալիս բանկ, ինչ հաճախականությամբ և ինչ չափի գումարներ է մուտք անում բանկում բացված հաշվեհամարին: Ու թեև դրանք բանկային գաղտնիք են եղել, այդուհանդերձ, բանկի` արդեն գլխամասային մասնաշենք աշխատանքի տեղափոխված Աշոտը, ըստ մեղադրանքի, դրանք փոխանցել է Էդգարին` հետագայում հափշտակվելիք գումարից «փայ» ստանալու ակնկալիքով: Արտաշես Գալուստյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ Աշոտը նման տեղեկություններ պարունակող մի թուղթ է փոխանցել Էդգարին և ասել. «Դրանից ավել ոչնչով օգնել չեմ կարող, ոնց կտանեք, իմ գործը չէ…»:
Այնուհետև Աշոտը մեկնել է Անգլիա, իսկ «Մանանա Գրեյնի»` շաբաթական 3 անգամ մուտքագրվող գումարների չափերն այնքան գայթակղիչ են եղել, որ Էդգարն ու Արտաշեսը գործի են անցնել: Այն հավանական օրերին, երբ Արմեն Մանուկյանը կարող էր ընկերության գումարը տանել բանկ, զույգը Էդգարի ՙԱուդի՚ մեքենայով դարանակալել է Արտաշատ-Երևան ճանապարհին հարակից գազալցակայաններից մեկի մոտ և սպասել. մոտ 6 ամիս աննկատ հետապնդել են ընկերության փոխտնօրենի շարժին: Բայց քանի որ Ա.Մանուկյանն ավտոմեքենան առանց կանգառի է վարել Երևանում գործող բանկի մասնաճյուղեր, Էդգարին և Արտաշեսին չի հաջողվել հափշտակել տեղափոխվող գումարները:
Եվ ահա 2011-ի նոյեմբերի 21-ին, Ա. Մանուկյանը կրկին հավաքել է ընկերության դրամարկղում եղած մոտ 55 միլիոն դրամ գումարը և ուղևորվել բանկ: Ժամը 13.40-ի սահմաններում, դարան մտած զույգի տեսադաշտում հայտնվել է Ա. Մանուկյանի մեքենան և շարժվել դեպի մայրաքաղաք: Նրան հետևել են մինչև Արշակունյաց պողոտա, որտեղ ընկերության փոխտնօրենը մեքենան կանգնեցրել է այդ փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ և մտել «Տիգրան Մեծ» տպարան` գործնական հանդիպման: Երբ Արմենը զգալիորեն հեռացել է մեքենայից, Արտաշեսն ու Էդգարը միասին մոտեցել են փոխտնօրենի ավտոմեքենային: Պատուհանից նկատել են մեքենայի հետևի նստարանի վրա դրված սև տոպրակն ու ճամպրուկը, որից հետո Արտաշեսը «աթանդա է կանգնել», իսկ Էդգարը քարով կոտրել է մեքենայի ապակին և հափշտակել տոպրակն ու ճամպրուկը: Հափշտակությունից հետո Արտաշեսն ու Էդգարը փախել են տարբեր ուղղություններով: Վերջինս գողության հետքերը թաքցնելու նպատակով ոչնչացրել է ճամպրուկում գտնվող` «Մանանա Գրեյն»-ի փաստաթղթերն ու կնիքները: Գողությունից մոտ 2 ժամ անց, գողացած գումարից Էդգարն Արտաշեսին է տվել 450.000 դրամ, իսկ հետո` նաև 900.000 դրամ` վերջինիս մոր վիրահատության համար: Ըստ Արտաշեսի` մինչ մահը տված ցուցմունքի` Էդգարն ասել է, որ տեղեկություն տվող Աշոտին ավելի շատ փող է տալու, քան իրեն, որից հետո իրենց միջև տարաձայնություններ են ծագել և ինքը հրաժարվել է երկրորդ անգամ Էդգարի հետ մեկնել ՌԴ: Իսկ առաջին անգամ նրանք Մոսկվա են մեկնել գողության հաջորդ օրը` նոյեմբերի 22-ին: Մինչ այդ, նրանք հանդիպել են Արտաշեսի սանիկին` Կարենին և նրան ի պահ հանձնել 6 մլն դրամ: Մեկ ամիս անց զանգահարել և Կարենին ասել են, որ 2 մլն-ը տա Էդգարի եղբորը` Արթուրին, իսկ մնացածը վերածի ռուբլու և Մոսկվա մեկնելիս` տա իրենց, ինչն արել է: Միայն նրանց ձերբակալությունից հետո է Կարենն իմացել, որ այդ գումարը գողացված է եղել:
Ի դեպ, Էդգարին և Արտաշեսին ձերբակալել են 2012-ի մայիսի 22-ին: Այդ ընթացքում Արտաշեսի հայրը` Պետրոս Գալուստյանը, իր սուղ միջոցներով փաստաբան է վարձել, որպեսզի որդին անպաշտպան չմնա, սակայն Արտաշեսը «հրաժարվել է» և’ այդ, և’ հանրային պաշտպանից: Հունիսի 20-ին ձերբակալել են նաև Աշոտ Առուշանյանին, իսկ Արտաշեսին ստորագրությամբ բաց թողել կալանավայրից` հանցագործության բացահայտման գործում քննությանն օգնելու համար: 6 օր անց` հունիսի 26-ին գտել են հայր և որդի Գալուստյանների կախված մարմինները: Սա տարօրինակ է և առնվազն մեկ հարց առաջացնում է` ինչու՞ նրանք պետք է ինքնասպան լինեին…
Վերոնշյալ հանցանքները կատարելու համար Է. Կարաքեշիշյանին մեղադրանք են առաջադրել փաստաթղթերը, դրոշմակնիքները շահադիտական նպատակներով հափշտակելու, ոչնչացնելու և առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու համար, իսկ Աշոտ Առուշանյանին` այդ գողությանն օժանդակելու համար:
Ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքը: Աշոտը հերքել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը, թե բանկի գլխամասում հանդիպել է Էդգարին և նրան ցույց տվել այդ պահին պարկով գումար տեղափոխող «Մանանայի Արմենին., ով նույնիսկ շնորհավորել է Աշոտին` աշխատանքային առաջխաղացման առիթով: Վերջինս հերքել է նաև ինչպես առանձին, այնպես էլ Արտաշեսի հետ առերեսման ժամանակ տված «ինքնամեղադրական» ցուցմունքները` պատճառաբանելով, թե իբր դրանք համոզել և կորզել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետը, քննիչը, նույնիսկ իր պաշտպանը` գիտենալով, որ մի քանի օր անց կայանալու է իր գիտական պաշտպանությունը և շահարկելով նման ցուցմունք տալու պարագայում ազատության մեջ մնալու և պաշտպանությանը մասնակցելու փաստարկը: Իսկ Էդգարը հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Պաշտպանները միջնորդել են անպարտ ճանաչել իրենց պաշտպանյալներին` նշելով, որ նախաքննության ընթացքում քննչական մարմինը պատշաճ կարգով չի ապահովել նրանց իրավունքները, այդ թվում` հանգուցյալ Արտաշեսի, ով քննիչի ուղղորդմամբ և հուշմամբ մեղադրող ցուցմունքներ է տվել Աշոտի և Էդգարի դեմ` ազատ արձակվելու դիմաց գնալով գործարքի: Աշոտի պաշտպանը նույնիսկ միջնորդել է դատարան հրավիրել Արտաշես Գալուստյանի նախկին խցակիցներ Տիգրան Առաքելյանին և Երվանդ Եղիյանին, որոնց Արտաշեսը մինչ մահը պատմել էր իր նկատմամբ` տուժողների և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների գործադրած բռնության և ցուցմունքներ կորզելու մասին: Մամուլում հայտնված այդ տեղեկության հետքերով ՀՔԾ-ը քննություն էր իրականացրել և հերքել դրա իսկությունը, դատարանն էլ մերժել էր այդ միջնորդությունը:
Ի վերջո, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ամբաստանյալներին և Էդգար Կարաքեշիշյանին դատապարտել ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 70 %-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 39.480.000 դրամի չափով:
Իսկ Աշոտ Առուշանյանին դատարանն ազատազրկել է 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30 %-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 16.920.000 դրամի չափով:
Քանի որ տուժող կողմը հետագայում չի եկել իր փողի հետևից, դատարանը տուժող «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի ներկայացրած 55.մլն.դրամի քաղհայցը թողնել է առանց քննության` իրավունք վերապահելով նույն պահանջով քաղաքացիական դատավարական կարգով դիմել դատարան:
Այժմ Է. Կարաքեշիշյանն ու նրա պաշտպանը դատաճիռը բողոքարկել են վերաքննիչ ատյան և ակնկալում են արդարացման դատական ակտ:
Դատական նիստերը ձգձգվում են` առավելապես տուժողների, պաշտպանի բացակայության պատճառներով:Հաջորդ դատական նիստը` հունիսի 10-ին, ժամը 15.00-ին:
Հ.Գ. Այնուամենայնիվ անհասկանալի է` ինչու՞ պետք է Գալուստյանը գործարքի գնար ազատության մեջ հայտնվելու համար,իսկ հետո ինքնասպան լիներ հոր հետ միասին: և դա այն դեպքում, երբ տանը նրանց հույսին մնացած երկու ծանր հիվանդ կանայք կային: Գուցե նրանց կախե՞լ են` որպես կարևոր վկաների կամ պարզապես վրեժ լուծելու համար, քանի որ կողմերը կորցրածը հետ բերելու հույս այլևս չունեն: և այս իմաստով ուշագրավ է, թե տուժող կողմն ինչու՞ չի գալիս դատարան` 55 միլիոնի հետևից… և արդյո՞ք հափշտակողները հասցրել են ծախսել գումարը, որ հիմա էլ իրենց գույքով վճարեն: Եթե չեն հասցրել, տուժողն էլ հետ չի ստացել, ուրեմն մեջտեղում ինչ-որ մարդիկ «ձեռքները տաքացրել» են այդ փողով…










































