Պակիստանի հարավային Սինդ գավառում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 21 մարդ՝ հայտնում է Geo TV հեռուստաալիքը:
Ուժեղ անձրևները սկսվել են ուրբաթ երեկոյան: Տեղի իշխանությունների տվյալներով՝ գավառի վարչական կենտրոնում՝ Կարաչի քաղաքում, 14 մարդ մահացել է էլեկտրահարման և տանիքների փլուզման հետևանքով: Մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև Բադին, Միտհի և Տատա քաղաքներում:
Անձրևների հետևանքով գավառի մի քանի շրջաններում հեղեղվել են ճանապարհները և անջատվել էլեկտրականությունը, Կարաչիում առաջացել են խոշոր խցանումներ:
Օդերևութաբանների տվյալներով՝ մոտակա երեք օրերին տարածաշրջանում կպահպանվի անձրևային եղանակը:











































