Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև բանակցություններ կանցկացվեն նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությունից և նախարարների կաբինետի ձևավորումից հետո, իսկ մինչ այդ ոչ մի պաշտոնական բանակցություն լինել չի կարող: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Արագչին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Արագչին հավելել է, որ երկու կողմերը սպասում են, թե երբ կանցնի ժամանակային անհրաժեշտ միջակայքը՝ բանակցությունները շարունակելու համար:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ նման հանդիպում կարող է կայանալ օգոստոսին:
Նշենք, որ Ռուհանին չափավոր հայացքներ ունի և կողմ է Արևմուտքի հետ երկխոսությանը:
Ինչպես հայտնի է դարձել երեկ՝ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Դրանից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, Ռուհանին պարտավոր է ներկայացնել կառավարության նոր կազմը:










































