««Սասնա ծռեր»-ի օպերացիայի ամենամեծ նվաճումն այն էր, որ ժողովուրդը մոբիլիզացվեց, քիչ թե շատ՝ դա կարևոր չէ, կարևորը, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց: Դուք որևէ երկրում չեք տեսնի, որ ժողովուրդն, այսպես կոչված, «ահաբեկիչներին» կաջակցի, բայց մեր ժողովուրդը դուրս եկավ և աջակցեց «Սասնա ծռեր»- ին: Դա արդարության հավասարության խղճի կանչն է, այլ ելք չէին տեսնում «Սասնա ծռեր»- ը, և ժողովուրդը կիսում է նրանց ճիչը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը:
Անդրադառնալով հարցին, թե «Սասնա ծռեր»-ի՝ զենքերը վայր դնելուց հետո պայքարի շարունակականություն կլինի՞, երբ ավելի քիչ ժողովուրդ է հավաքվում և առաջնորդներ չկան՝ Նանոր Սէֆիլյանը պատասխանեց. «Հիմնադիր խորհրդարանի գրեթե բոլոր անդամները ձերբակալված են, Հիմնադիր խորհրդարանի նախագահը ընդհատակ է անցել, ճիշտ է, մենք լիդերի խնդիր ունենք, բայց այս ընդվզումն այլևս Հիմնադիր խորհրդարանինը չէ, մեր երիտասարդությանն է: Ես այնտեղ տեսնում եմ մարդկանց, որոնք ոչ մի ցույցի չեն գնացել, բայց հիմա գնում են: Ոստիկանության ահաբեկչական արարքների պատճառով ժողովուրդը վախենում է , և ես չեմ մեղադրում մարդկանց: Ես չեմ կարծում, որ կայծը մարել է, այդ կայծն ուժեղ է»:
Գ. Չուգասզյանը և «Սասնա ծռեր»- ը խոսում էին պայքարի շարունակության մասին, որ պայքարը կշարունակվի բանտից և ընդհատակից, նաև Գ. Չուգասյանը ցանցային պայքարի մասին էր խոսում. արդյո՞ք դա հնարավոր է. այս հարցի վերաբերյալ Ն. Սէֆիլյանը նշեց, որ չգիտի՝ ընդհատակից հնարավոր է, թե ոչ, բայց կարծում է, որ բանտից հնարավոր է. «Բանտը և փողոցը միմյանց լրացնելով պիտի հասնեն արդյունքի, մեր բոլոր քաղաքական գործիչները պիտի հասկանան, որ սա ժողովրդի պայքարն է և կանգնեն ժողովրդի կողքին:
Միշտ մեղադրում են՝ ասելով, որ 2008-ին Ժիրայրը կանգնեց Լ. Տեր-Պատրոսյանի կողքին, բայց Ժիրայրը նրա կողքին չկանգեց, նա կանգնեց ժողովրդի կողքին, ժողովուրդ կար այնտեղ, որը պահանջում էր: Եթե որևէ գործիչ իր ժողովրդի հետ չի լինում, մերժվում է ժողովրդի կողմից»:
Նանոր Սէֆիլյանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ կապ չունի, քանի որ տեսակցության և հեռախոսազրույցների արգելանք կա, սակայն վստահ է, որ ժիրայրը չի հրաժարվի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. «Ժիրայրը ամեն վայրկյան իր միտքը փոխող մարդկանցից չէ, նա մնում է իր մտքին: Սակայն առաջնահերթության հարց կա. երբ տղաների կյանքը վտանգված էր, դիպուկահարներն արդեն քանի հոգու վիրավորեցին, ոստիկան էլ սպանվեց, Ժիրայրը առաջնահերթ է համարել նախ տղաների հետ հանդիպումը: Վստահ եմ, որ Ժիրայրը իր միտքը չի փոխել»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































