Հունաստանին, Պորտուգալիային և Կիպրոսին, ըստ երևույթին, անհրաժեշտ է հավելյալ ֆինանսական օգնություն՝ ԵՄ-ի և ԱՄՀ-ի կայունացման ծրագրերի շրջանակում արդեն իսկ նրանց ստացած ավելի քան 200 միլիարդ եվրոյից բացի: Ինչպես հայտնել է Wall Street Journal Europe-ը, ԵՄ-ի առջև կանգնած է եվրոգոտու տնտեսապես ավելի թույլ անդամների համար հավելյալ գումար որոնելու խնդիրը:
Պորտուգալիան հազիվ թե կարողանա 2014-ին վերադառնալ համաշխարհային ֆինանսական շուկաներ, ինչպես ենթադրվում էր նախկինում՝ նշվում է պարբերականում: Թերթը գրում է, որ Լիսաբոնին այս տարի պետք է 14 միլիարդ եվրո, իսկ 2014 թվականին՝ 15 միլիարդ եվրո՝ պետպարտատոմսերի հարցով պարտականությունները կատարելու համար:
Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա ներկայում ԵՄ-ում կասկածներ են առաջացել առ այն, որ 10 միլիարդ եվրո ծավալով օգնության ծրագիրը բավարար կլինի՝ այն դեպքում, երբ կղզի-պետության տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ: Իր հերթին Հունաստանը ներկայում զգալի դժվարությունների է բախվում կոշտ տնտեսական ծրագրի պարտավորությունների կատարման գործում:
Ինչպես նշում է թերթը, Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններից հետո ԵՄ օրակարգ կդրվի եվրոգոտու այդ երեք պետությունների համար կայունացման հավելյալ հիմնադրամներ առանձնացնելու անհրաժեշտության հարցը:









































