Հյուսիսային Կորեայի չորեքշաբթի իրականացրած բալիստիկ հրթիռների փորձարկումները միայն ուժեղացնում են լարվածությունը և սպառնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը. Փխենյանը պետք է զերծ մնա այդպիսի գործողություններից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Մոգերինիի ներկայացուցիչը նշել է, որ արձակումները ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերում նշված՝ Հյուսիսային Կորեայի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում են:
«Հյուսիսային Կորեան պետք է վերջ տա հրթիռների բոլոր արձակումներին՝ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ, և լիովին կատարի իր միջազգային պարտավորությունները: Հյուսիսային Կորեայի վերջին գործողությունները ծառայում են միայն լարվածության սրմանը Կորեական թերակղզում և սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանն ավելի լայն տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կրկին «Հյուսիսային Կորեային կոչ է անում զերծ մնալ լարվածությունը սրող հետագա գործողություններից և բովանդակալից երկխոսություն սկսել միջազգային հանրության հետ, մասնավորապես՝ վեցակողմ բանակցությունների շրջանակներում»:
Հյուսիսային Կորեան չորեքշաբթի հերթական անգամ փորձարկել է բալիստիկ հրթիռներ, որոնցից մեկը, ենթադրաբար, հասել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի՝ առաջացնելով Տոկիոյի անհանգստությունը: Հարավկորեացի զինվորականների հաշվարկով՝ Հյուսիսային Կորեան հրթիռների ավելի քան 30 արձակում է իրականացրել՝ 2011թ. երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի իշխանության գլուխ գալուց ի վեր՝ չնայած բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի փորձարկման ՄԱԿ ԱԽ-ի արգելքին:










































