«Հանգստի գնալիս անհրաժեշտ է հաշվի առնել անձի հոգեբանական հատկանիշները. մարդիկ կան, որ հանգստից գալիս են հոգնած: Բացի ֆիզիոլոգիականից՝ կարևոր է նաև հոգեբանական հանգիստը»,- լրագրողների հետ զրույցում նշեց հոգեբան Աննա Բադալյանը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ մտավոր աշխատանք կատարողներին խորհուրդ տվեց ակտիվ հանգիստ ընտրել, ֆիզիկական աշխատանք կատարողներին` պասիվ:
Անցյալ տարվա տվյալներով` 150 հազար մարդ մեկնել է Վրաստան: Հայերի համար տուրիզմի առումով հետաքրքրություն են ներկայացնում նաև Անթալիան, Բուլղարիան, Եգիպտոսը: Հայաստան եկել է 560 հազար մարդ, որոնցից յուրաքանչյուրը ծախսել է 500 դոլար:
Սոցիոլոգը նշեց նաև, որ մենք ունենք դելիկատեսներ, որոնք համտեսելու համար կարող են տուրիստները Հայաստան գալ: Այդպիսի մարդիկ կան: Ըստ սոցիոլոգի` մարդը զգայական էակ է և տպավորություններով է առաջնորդվում:
«Պետք է ամեն տարածքի «ղսմաթները» գտնել, որ տուրիստական երթուղիներն անցնեն այստեղով: Զուգարանների համար 94-95 հազար դոլար ծախսելը բավական չէ տուրիզմի զարգացման համար»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Նա անդրադարձավ նաև երեխաների հանգստին: Ադիբեկյանի ձևակերպմամբ` մեր երեխաները դժբախտ են, և փաստեց, որ իր ու սերնդակիցների մանկությունն անցել է պիոներական ճամբարներում, որոնք թեև փորձ արվեց վերականգնել, բայց չստացվեց: Ահարոն Ադիբեկյանը երեխաների մոտ կլաուստրոֆոբիայի հաղթահարման լավագույն տարբերակ է համարում նրանց հետ շրջագայելը, քաղաքից դուրս տանելը:
«Մեզ մոտ ձմեռային հանգիստն ընդունված չէ: Սա կապված է ազգային հոգեկերտվածքի հետ: Վերջերս երիտասարդների կողմից նկատում եմ արշավային տուրիզմի զարգացում: Քայլերը, լողալը, բարձրանալը ոչ միայն նպաստում են ֆիզիկական զարգացմանը, այլ նաև ավելացնում են հոգեբանական կամային հատկանիշները»,- ընդգծեց Աննա Բադալյանը:
«Դարձել ենք հոգնած ազգ, ինչը կարելի է փաստել երեկոյան ժամերին տուն գնացող մարդկանց նայելիս: Հայկական հանգիստը` գնալ մի լավ տեղ, մի ոչխար մորթել և ուտել, պարել-երգելը բացառվում է: Սա է»,- նշեց սոցիոլոգը:
Բանախոսների կարծիքով` երկու շաբաթը լիովին բավական է հանգստանալու համար:








































