«Ես այս իրադարձությունները զինված ապստամբություն եմ համարում»,- հետահայաց ամփոփելով 15-օրյա իրադարձությունները՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«BBC-ն հրապարակել է հարցումների արդյունքները՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ Հայաստանում համակրանքը համատարած է, ես էլ այդ նույնն եմ զգացել՝ տաքսի խանութ… ուր գնում ես, մեծագույն համակրանք կա նրանց նկատմամբ,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ համակրելով հանդերձ՝ ժողովրդական մեծ զանգվածներ չհավաքվեցին, քանի որ կա համարձակության խնդիր, հպատակության , «ինչ գործ ունեմ»- ի խնդիր: Սակայն, նրա խոսքով, հավաքվածների թվով չպետք է եզրակացնել, թե համակրանքն ինչ աստիճանի էր:
Անդրադառնալով նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությանը, կատարվածի հետ կապված նրա հնչեցրած գնահատականներին՝ Ավետիք Իշխանյանը նշեց, որ առաջին հերթին երկրի ղեկավարը շատ ավելի շփումներ պետք է ունենա հասարակության հետ և պետք է անդրադառնալով այն մտահոգություններին, անհանգստություններին, որ ունի հասարակությունը՝ նա պետք է ուղերձով դիմի, հանդիպումներ կազմակերպի հասարակության տարբեր շրջանակների հետ, ոչ միայն իր շրջապատի հետ, մեծ մամուլի ասուլիս հրավիրի, որին ոչ միայն իրեն ենթակա, այլ նաև մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրված կլինեն, և պետք է պատասխանի հանրությանը հուզող հարցերին. «Ս. Սարգսյանն այդ պրակտիկան չունի: Այն մասին, թե ինչ է մտածում Ս. Սարգսյանը, որպես կանոն, մենք իմանում ենք ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստից հետո՝ Շարմազանովի ներկայացրած կարճ հաղորդումով: Ս. Սարգսյանը իր մտահոգությունները կիսում է իր թիմի հետ, կարծես թե հասարակությունը գոյություն չունի: ՀՀ նախագահը կարծես թե միայն ՀՀԿ-ի նախագահն է: Ապրիլյան պատերազմից հետո բոլորը սպասում էին նախագահի խոսքին, ոչինչ չլսեցինք, վերջին իրադարձությունների ժամանակ ևս մենք չլսեցինք մտահոգ խոսք ՀՀ նախագահի կողմից:
«Նախագահի երեկվա ելույթը ուղղված չէր հանրությանը, այն ուղղված էր իր կողմնակիցներին, նրանց, ովքեր աջակցել են իրեն, և երբ խոսում էր Ազգային համաձայնության կառավարության մասին, դա նշանակում էր, որ նա խոստանում է՝ հետագայում իր աջակիցները պաշտոններ, մանդատներ, շքանշաններ կստանան:
Մեկ այլ ուղերձ ևս կար. միանգամից, առանց դատարանի որոշման, նախագահը կատարվածը համարեց ահաբեկչություն և «Սասնա ծռեր»- ին ահաբեկիչներ: Դա նշանակում է, որ ինքն այդպես է որոշել և արդեն հանձնարարականներ է տվել այդպես բնորոշել, ինչպես որ Շանթ Հարությունյանի դատը դեռ չէր եղել, նրան անվանեց քրեական հանցագործ»- ընդգծեց իրավապաշտպանը:
Ավետիք Իշխանյանը նկատեց. «Եթե այլ երկրներում, որտեղ նույնպես դատախազությունը տարանջատված չէ իշխանությունից, ղեկավարները ձևեր են թափում, իբրև թե անկախ է, ապա Ս. Սարգսյանը ձևեր չի թափում, նա միանգամից ներկայացնում է, որ ամեն ինչ իրենից է կախված, ամեն ինչը գտնվում է նույն ձեռքում՝ և՛ Գործադիր, և՛ Դատական, և՛ Օրենսդիր իշխանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































