Հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանվել են հետևյալ սակագները՝ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 156 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն), 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն), 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն): Այսինքն՝ նախկին 132 դրամի փոխարեն սպառողը գազի 1 խորանարդ մետրը կգնի 156 դրամով, որի հետևանքով էլ էլեկտրաէներգիան է թանկանում 8 դրամով:
Նախնական կանխատեսումների համաձայն, բնականաբար, գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է կյանքի թանկացմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ նման թանկացման արդյունքում հասարակ քաղաքացու կյանքը կթանկանա 10-20 %-ով, այդ թվում՝ պարենային զամբյուղի առաջին անհրաժեշտության սննդատեսակներն, ինպիսին հացամթերքն ու կաթնամթերքը, որոնք կազմում են պարենային զամբյուղի մեծ մասը: Նրա համոզմամբ՝ պարզապես չեն կարող չթանկանալ նաև որոշակի ծառայություններ և պարենային զամբյուղի այլ սննդատեսակներ, որոնց պատրաստման ընթացքում օգտագործվում է գազ և էլեկտրաէներգիա: Իսկ, նրա խոսքերով, շատ քիչ սննդամթերքների դեպքում է, որ գազ և էլեկտրաէներգիա չի օգտագործվում: «Մեր նախնական հաշվարկներով և կանխատեսումներով, կյանքը՝ քաղաքացուն մատուցվող ծառայությունները, սպառողական զամբյուղն ամբողջությամբ, կթանկանան 10-20 %-ով»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Իր հերթին Սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի ղեկավար Լուսինե Յագուբյանն ասաց, որ իրենք դիտարկումների փուլում են և փորձում են հասկանալ, թե որքան կթանկանան և որքան պետք է այս թանկացման արդյունքում թաքնկանային սննդատեսակներն ու սպառողներին մառտուցվող ծառայությունները: «Ցավոք, գազի և էլեկտրաէներգիայի այս թանկացումը չի կարող չխփել սպառողի գրպանին: Սա զգալի բացասական ազդեցություն կգործի կյանքի վրա: Այս պահին չեմ կարող ասել, թե քանի տոկոսով, բայց հացամթերքն ու կաթնամթերքը կթանկանան առաջին հերթին»,- ասաց Լուսինե Յագուբյանը:









































