Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ այսօր բոլոր վարորդներն ու գծատերերը վնասով են աշխատում, և այսպես շարունակվելու դեպքում տրանսպորտային գծերը կգնան դեպի լուծարում:
Նա լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեռևս 2008 թվականին հաշվարկվել է, որ մի ուղևորին փոխադրելու համար ծախսվում է 139 դրամ, մինչդեռ մինչ այժմ ուղևորավարձն արժե 100 դրամ. «2008 թվականից հետո բարձրացել է և՛ գազի, և՛ դիզվառելիքի գինը, սակայն ուղևորավարձը չի թանկացել: Գազն արդեն թանկացավ, իսկ դիզվառելիքը 2008-ից մինչ այժմ 260 դրամից դարձել է 480 դրամ»:
Բանախոսի փոխանցմամբ՝ քաոսային վիճակի մեղավորը տրանսպորտի նախարարությունն է, որովհետև ոլորտը բարձիթողի վիճակում է թողել, այն հանձնել է գծատերերին և մի կողմ քաշվել. «Արմատական փոփոխություններ են պետք տրանսպորտի ոլորտում, մենք տրասնսպորտի նախարարություն չունենք, տրանսպորտի նախարար չունենք, հակառակ դեպքում այս հարցը լուծված կլիներ»:
Ասուլիսի մյուս բանախոս «Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության» համանախագահ Վարդան Փանոսյանն էլ հավելեց, որ այսօր վարորդներն աշխատում են ստրկական վիճակում. «Այսօր վարորդների հիմնական մասն աշխատում է 14-15 ժամ, շատ ծանր է աշխատանքը, չունենք փոխարինող վարորդներ ու համապատասխան լծակներ, որ հարցը լուծենք»:
Նա նշեց, որ վարորդների մեծ մասը չի կարողանում այդ գումարով տուն պահել, ստիպված դուրս է գալիս աշխատանքից և արտագաղթում. «Եթե մի փոքր շփվեք վարորդների հետ, կզարմանաք: Վարորդ կա, որ իր երեք տարեկան երեխային միայն քնած է տեսել: Առավոտը շուտ գնում է, գիշերը նոր գալիս»:
Բանախոսները տեղեկացրին, որ այս շաբաթ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կդիմի բոլոր իրավասու գերատեսչություններին, որպեսզի հարցը վերջապես լուծում ստանա: Նրանք համոզված են՝ այս պայմաններում իրավիճակը գնում է լուծարման:
Տ. Հովհաննիսյանը հավելեց, որ պետք է վարորդներին աշխատավարձ տալ, նրանց ազատել պլան տալու հոգսից, գրանցել որպես աշխատող և թող աշխատեն ըստ սահմանված ժամանակի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































