Շաբաթ օրը Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում վթարված օդանավի կապիտանը ունեցել է այդ օդանավը կառավարելու 43 ժամվա փորձ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Սեուլից Սան Ֆրանցիսկո թռչող ինքնաթիռում եղել է 307 ուղևոր: Կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել են երկու 16-ամյա չինացի աշակերտուհիներ, տուժել է 182 մարդ, որոնցից 49-ի վիճակը գնահատվում է ծանր: Տուժածներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես հայտնում է The San Francisco Chronicle–ը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայության պետ Ջոան Հեյս Ուայթին, դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության մեքենան հարվածել է ողբերգությունը վերապրած Չինաստանի քաղաքացիներից մեկին: Ենթադրվում է, որ աղջիկը մահացել է վրաերթի հետևանքով: Փաստի առթիվ կանցկացվի հետաքննություն:
Հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ Asiana Airlines ավիաընկերության օդանավի վթարի վնասը գերազանցել է 120 մլն դոլարը: Այսօր բորսային շուկայում ավիաընկերության բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 7 տոկոսով:










































