Բրազիլացի երաժիշտ և կատարող Դանիել Պելեգրինին, որը հայտնի է MC Daleste անվանումով, սպանվել է հենց ելույթի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքի սրահներից մեկում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Ոստիկանությունը արդեն հետաքննություն է սկսել և հայտարարել, որ գործի հանգամանքների բացահայտմանը մեծապես կարող է օգնել սպանության տեսագրությունը, որը տեղադրվել է համացանցում:
Տեսագրությունում երևում է, որ կրակոցն արձակվել է այն ժամանակ, երբ MC Daleste-ը խոսք էր ուղղում հանրությանը:
MC Daleste-ը եղել է ֆանկ ոճի կատարող (ռեփի բրազիլական տարբերակ) և մեծ ժողովրդականություն է վայելել տեղացի երիտասարդների շրջանում:










































