Սննդային վարքի բավական հազվադեպ խանգարումը՝ «գայլի» ախորժակը գիշերները, ըստ ամենայնի, վկայում է հոգեկան խանգարման առկայության մասին: Այս մասին հայտնում է newsyou.info-ն՝ հղում անելով հետազոտողներին:
Նրանք վերլուծել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 1 600 ուսանողների առցանց հարցման արդյունքները և պարզել, որ նրանց 4%-ը գիշերները չափից շատ է ուտում: Գիտնականներն այդ երևույթն անվանել են գիշերային սննդի համախտանիշ:
Պարզվել է, որ այդ մարդիկ մյուս ուսանողներից հաճախ են ունեցել սննդային վարքի այլ տեսակի խանգարումներ, ինչպիսիք են լուծողականների օգտագործումը, անկանոն սնունդը, բուլիմիան և անորեքսիան:
Երբ երիտասարդներին լրացուցիչ զննել են, պարզվել է, որ գիշերային սննդի համախտանիշով տառապողները նախկինում ավելի հաճախ են ունեցել ընկճախտերի, իրենց մարմնական վնասվածքներ հասցնելու, տրամադրության խանգարումների փորձեր:
Հյուսիսային Կառոլինայի համալսարանի հետազոտողները եզրակացրել են, որ գիշերային սննդի նկատմամբ ձգտումը և հոգեկան խանգարումներն ինչ-որ կերպ փոխկապակցված են և հնարավոր է՝ ինչ-որ նման պատճառներ ունեն:
Գիտնականները գիշերային սննդի համախտանիշ ունեցող մարդկանց կոչ են արել պարտադիր օգնության դիմել հոգեբաններին:








































