ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ ենթարկվել է կուսակիցների քննադատությանը Իրաքում սպանված մուսուլման զինվորի հոր հետ լեզվակռվի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Անցած շաբաթ ամերիկացի Խիզր Խանը, ում որդին զոհվել է Իրաքում 2004թ., Դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ ենթադրություն է հայտնել, որ Թրամփը, որը հայտնի է մուսուլմաններին երկիր չթողնելու առաջարկով, չի կարդացել ԱՄՆ Սահմանադրությունը, որտեղ գրված է բոլոր քաղաքացիների հավասարության մասին: Ի պատասխան՝ Թրամփը ենթադրել է, որ Խանը, լինելով մուսուլման, իր կնոջը խոսք չի տվել և այդպիսով ճնշել է. այս եզրակացությանը թեկնածուն հանգել է այն բանից, որ Խանի կինը բեմում է եղել, բայց ոչինչ չի ասել:
Կիրակի Հանրապետական կուսակցության «ծանրքաշայինները» շտապել են քննադատել Թրամփին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարություն է հրապարակել, որում հիշատակել է զոհված մուսուլման զինվորի մասին, ում ինքնազոհությունը մարտի դաշտում, նրա խոսքով, «պետք է միշտ հարգել, և վերջ»: Նա նաև ասել է, որ դեմ է Թրամփի առաջարկած «կրոնական թեստավորմանը»՝ արտասահմանից փախստականների ընդունման ժամանակ:
Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոննելը գրավոր հայտարարության մեջ նշել է. «Բոլոր ամերիկացիները պետք է հարգեն հայրենասերների ծառայությունը, որոնք կամավոր և անձնվիրաբար մեզ պաշտպանում են զինված ուժերի կազմում»:









































