«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
– Սրբազան հայր, Եգիպտոսի բանակը օրեր առաջ հրաժարեցրեց երկրի նախագահ Մուրսիին: Կարելի է ասել, որ «արաբական գարնանը» հետևում է «արաբական գարունը»: Ի՞նչ ելք կարող է ունենալ եգիպտական ճգնաժամը:
– Հարցը քաղաքական բնույթ ունի, և մենք բացարձակապես չենք խառնվում քաղաքական խնդիրներին և վերլուծություններին: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այս օրերին նախագահի դեմ դուրս եկած ցուցարարները հավաքվում էին քաղաքի մի ուրիշ թաղամասում, կողմնակիցները հավաքվում էին ոչ մեծաթիվ քանակությամբ, իսկ այսօր Մուհամմեդ Մուրսի կողմնակիցները կազմակերպված հավաքվում են իրենց նախկին տեղը: Չեմ կարող կանխատեսում անել, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, տեղական հեռուստաալիքներն էլ շատ չեն անդրադառնում: Խնդիրն այն է, արդեն իսկ նախագահական ընտրությունների ժամանակ և ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ժողովուրդը դժգոհ էր, բայց ինչ-որ չափով ստեղծված կացությունն ընդունեց իբրև իրականություն և սպասումով հետևում էր, թե ինչ փոփոխություն պետք է լիներ: Այնպես չէ որ մեկ տարի սպասել են, հետո հասկացել, որ որևէ դրական փոփոխություն չկա երկրի տնտեսական հարցերում, այլ դժգոհությունն ի սկզբանե կար, դրա համար էլ իշխանափոխությունն արագ ստացվեց, այլապես երեք օրում անհնար է կազմակերպել ցույցեր և իշխանություն փոխել. դա ամիսների, նույնիսկ տարիների հարց է: 2011-ի հունվարի 25-ի հեղափոխությունը սխալ ընթացք ստացավ, և պատահական չէին հուլիսի 3-ից սկսված ցույցերը, քանի որ հեղափոխությունը, ինչի համար մարդիկ ոտքի էին ելել, նախագահական ընտրությունների արդյունքում իրենց սպասված արդյունքը չտեսան: Մարդիկ ուզում էին Մուբարաքի 30 տարվա ռեժիմից դուրս գալ, քանի որ այն ժամանակ նախագահական ընտրություններն էին մոտենում, և արդեն հստակ լուրեր կային, որ Մուբարաքի տղան նորից պետք է նախագահ դառնա: Որքան էլ տնտեսական լավ վիճակի մեջ էր, բայց հասարակությունը զրկված էր խոսելու, արտահայտվելու իրավունքից, այսինքն արգելված չէր, բայց արտոնված էլ չէր, և նպատակը փոփոխությունն էր: Այդ ժանանակ «Մուսուլման եղբայրները» ամենակազմակերպված կուսակցությունն էին, որը մտան շարժման մեջ, առիթը օգտագործեցին և իրենք իբրև այլընտրանքային իշխանություն ներկայացան:
– Սա քաղաքական իսլամի ավա՞րտն է: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ողջունելով հեղաշրջումը Եգիպտոսում, ասել է, որ աշխարհի յուրաքանչյուր կետում, ով կրոնն օգտագործում է քաղաքական նպատակներին հասնելու համար, դատապարտված է ձախողման:
– Եգիպտոսում հիմնական մասը իսլամիստներ են, բայց երբ փորձում են կրոնի հիման վրա քաղաքական դաշտ մտնել, իրականում ամբողջ վտանգը դրա մեջ է: Այսինքն՝ կրոնի չարաշահում կա, և չնայած ժողովրդի մեծամասնությունը իսլամ է, հիմնական խնդիրը տեսնում են նրանում, որ պետք չէ կրոնը խառնել քաղաքական կյանքի հետ: Եգիպտոսի 2011-ի հեղափոխությունը հնարավորություն էր։ «Մուսուլման եղբայրները», իշխանության գլուխ գալով, չկարողացան երկրի առջև ծառացած խնդիրները լուծել: Երկրի ընդհանուր իրավիճակի հետ կապված՝ բանակի, ներքին զորքերի, ոստիկանության դիրքորոշումը կարևորվում է երկրի անվտանգության և հասարակության տեսանկյունից: Բանակը չեզոք է, ոստիկանությունը երկրի անվտանգության մասին է մտածում, ոչ թե որևէ քաղաքական և դիվանագիտական հարցերով է զբաղվում: Այդ իսկ պատճառով երկրում խաղաղություն հաստատելու համար միջամտեցին խնդրին, բայց բացարձակապես իշխանությունը գրավելու կամ երկրի կառավարումն իրենց ձեռքն առնելու որևէ որոշում չեն կայացրել: Ընդհակառակը, ըստ սահմանադրության, երկրի իշխանությունը հանձնել են Սահմանադրական դատարանի նախագահին, որը պետք է մեկ տարվա ընթացքում փորձի խորհրդարանի ձևավորումը կազմակերպել, ինչպես նա նախագահի ընտրությունը կազմակերպել: Մյուս կողմից, ներկա որոշումներում ամեն ինչ անում են, որպեսզի չկարողանան կազմակերպել ընդդիմություն, որպեսզի Մուրսիի կողմնակիցները երկրում նորից խառնակություններ չսկսեն: Իրականում զինվորականները և ներքին գործերի նախարարությունը շատ ավելի պատրաստված են և վստահաբար նախապես քայլերը հաշվարկել են:
– Հնարավո՞ր է՝ սա Արևմուտքի կողմից ծրագրված գործողություն է, թե՞ այնուամենայնիվ, ներքին պահանջ էր հասունացել Եգիպտոսում:
– Իրականում որևէ երկրի պարագայում, և Եգիպոստն էլ բացառություն չէ, շատ դժվար է իմանալ, թե որ պետությունն է հրահրում կամ որ պետությունն է կատարում: Վերջիվերջո ինչ-որ անում են դրսից ժողովրդի և կազմակերպիչների միջոցով են անում: Փաստն այն է, որ տեղի ունեցավ հեղաշրջում, և շատ դժվար է կռահել, բայց ի վերջո տարբեր երկրների ղեկավարների կամ իրենց մամլո խոսնակների արտահայտած մտքերից կարելի է հասկանալ՝ ովքեր են կողմնակից, ովքեր են դեմ:
– Հեղաշրջումից հետո տնտեսական ցնցումների հերթական ալիքը արդյո՞ք անխուսափելի չի լինի և նորից հետքայլ չի գրացվի:
– Գիտեք, այս վերջին մեկ տարվա ընթացքում այնքան հետքայլ է գնացել, որ սրանից հետքայլ չեմ կարծում՝ պետք է ավելի վատ լինել, ընդհակառակը մարդիկ սպասում են որ երեկվանից սկսած՝ տնտեսությունը, որ նահանջ էր ապրել, պետք է զարգանա, դոլարի և եգիպտական գումարի տարբերությունը… վերջին երկու օրերին կայունություն է նկատվում, հստակորեն երևում է ոստիկանների, զինված ուժերի և ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների ակտիվ գործունեությունը, ինչն արդեն ինչ-որ հույս է ներշնչում ժողովրդին, որ ամեն ինչ ծրագրավորված է, և պետք է ամեն բանի առջև առնեն, ինչը պետք է խանգարի Եգիպտոսի խաղաղ ընթացքին: Բացի այդ, մասնագետների հանձնախումբը արագ լուծումներ պետք է գտնի երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:
– Սրբազան, իսկ հայ համայնքը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած, արդյոք իր ապագան պատկերացնո՞ւմ է Եգիպտոսում:
– Եթե այս վիճակը շարունակվեր երկար, միգուցե շատերն արտագաղթի ճամփան բռնեին, բայց, բարեբախտաբար, վերջին օրերին տեղի ունեցած ցույցերն ավելի խաղաղ և ավելի կազմակերպված բնույթ են կրում, և անկախ կրոնական փոքրամասնություններից՝ անխտիր մեծից փոքր մասնակցում էին:
Այս վերջին օրերին տեղի ունեցած ցույցերի ընթացքը և ներկա կացությունը ավելի գոտեպնդեցին հայերին, որոնք սկսեցին հույսեր կապել, քանի որ ոչ բոլորն են ի վիճակի երկիրը լքելու: Բոլոր փոքրամասնություններն էլ հակված են երկրի մեջ փոփոխություններ տեսնելու, քան երկրից դուրս գալու:
– Այսօր քանի՞ հայ կա Եգիպտոսում:
– Հայերի թիվը 7000-8000 է, որոնց մեծամասնությունը Կահիրեում է, մյուս մասն էլ՝ Ալեքսանդրիայում. հիմնականում այս երկու քաղաքներում: Ծովափնյա շրջանում մի քանի ընտանիք է հաստատված, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում, իսկ նրանք էլ հիմնականում Հայաստանից եկածներն են:
Հայերի գերակշռող մասը Եգիպտոսում պաշտոնյաներ են, կան գործատուներ, ոսկերիչներ, բժիշկներ և այլն:








































