Սինայի թերակղզու հյուսիսում գրոհայիններն անցած գիշեր հարձակվել են բանակային անցակետերի վրա: Ինչպես հաղորդվում է՝ ընդհարումների վայրում, որոնք ընթանում են Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահ քաղաքում, լսելի են ուժգին պայթյուններ:
Զինծառայողները պատասխան կրակ են բացել իրենց վրա հարձակված զինված խմբի վրա: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Բացի այդ, այսօր հարձակման է ենթարկվել նաև զինված ուժերի դիրքը, որը գտնվում է Ալ-Արիշ քաղաքից ոչ հեռու: 15 րոպե տևած մարտերից հետո զինծառայողները փախուստի են մատնել գրոհայիններին:
Երեկ տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիին աջակցող զինված ծայրահեղականները Սինայի հյուսիսում ներխուժել էին ռազմական օբյեկտներ, որի հետևանքով զինծառայող էր զոհվել: Ավելի ուշ Ալ-Արիշում ևս 5 ոստիկան էր սպանվել, մոտ 20 ուժայիններ վնասվածքներ էին ստացել:
Դրանից հետո Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր Սինայի թերակղզում և Սուեզում բանակը մարտական լիարժեք պատրաստության բերելու մասին:








































