Բուլղարիայում քաղաքական ճգնաժամից միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Ռոսեն Պլևնելիևը՝ բուլղարացի ժողովրդին ուղղված իր կոչում, որը կապված էր արդեն 3 շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերի հետ։
«Ճգնաժամից միակ ժողովրդավարական ելքը, նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Բուլղարիան արդեն ունի քաղաքացիական հասարակություն, որը պահանջում է իրական ժողովրդավարություն: Երկրին կայունություն է անհրաժեշտ: Միայն խաղաղ իրադրությունում մենք կկարողանանք զարգանալ:
Սահմանադրությունն ինձ թույլ չի տալիս այս կամ այն կուսակցության կողմը գրավել, ինչպես նաև որոշել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը կամ նախարարներին հեռացնել պաշտոններից: Սակայն ոչ ոք չի կարող ինձ համոզել այն բանում, որ ընտրություններն ինչ-որ վատ բան են: Ես չեմ հավատում այն բանին, որ դրանք կարող են վնասել պետությանը կամ նրա քաղաքացիներին:
22 օրվա ընթացքում Բուլղարիայում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, և ես չեմ տեսնում այնպիսի քաղաքական գործիչների, ովքեր իրենց վրա ինչ-ինչ պարտավորություններ են վերցրել»,- նախագահի խոսքերը մեջբերել է ITAR-TASS-ը:









































