Մեծ Բրիտանիայում պատգամավորներն այսօր միաձայն աջակցել են Միացյալ Թագավորության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օրինագծին: Կողմ են արտահայտվել 304 խորհրդարանականներ: Լիբերալ-դեմոկրատական և ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության անդամները որոշել էին բոյկոտել քվեարկությունը, ուստի դրան մասնակցել են միայն պահպանողականները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Օրինագծի կողմնակիցները, սակայն, բավականին մեծ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի այն ուժի մեջ մտնի մինչև 2015 թ.-ը՝ ներկայիս խորհրդարանի լիազորությունների ավարտի վերջնաժամկետը: Իսկ եթե նույնիսկ դա տեղի ունենա, հաջորդ գումարման պատգամավորներն այն կարող են չեղյալ հայտարարել:
Ենթադրվում է, որ հանրաքվեի ժամանակ ընտրողներին կոնկրետ հարց կտրվի, որը կենթադրի «այո՛» կամ «ո՛չ» պատասխանը (Արդյո՞ք կարծում եք, որ Մեծ Բրիտանիան պետք է մնա ԵՄ կազմում):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ էր արտահայտվել իր երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Ըստ նրա՝ այս կերպ Մեծ Բրիտանիան կարող է պահպանել իր ազդեցությունն աշխարհում: Բացի այդ, վարչապետը վստահ է, որ ընտրողների մեծամասնությունը կքվեարկի ԵՄ-ում մնալու օգտին:










































