Եգիպտոսի Զաքազիք քաղաքում ավելի քան 150 մարդ է տուժել նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև բախումների հետևանքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտական հեռուստատեսությունը:
Անկարգությունները տեղի են ունեցել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Բախումները շարունակվել են նաև վաղ առավոտյան: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Վեց մարդ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանության տվյալներով՝ բախումների ժամանակ մասնակիցները միմյանց վրա են նետել քարեր, մետաղական ձողեր, կիրառվել է նաև հրազեն:
Քաղաքում գտնվում են զորքեր և ՆԳՆ ստորաբաժանումներ: Հսկողության տակ են գտնվում կառավարական շենքերը: Անցկացվում է հետաքննություն, ոստիկանությունը որոնում է անկարգությունների կազմակերպիչներին: Քաղաքի բնակիչները ստեղծել են ինքնապաշտպանության կոմիտեներ:










































