ՀՀ ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 34-րդ գիտական նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին: Պատմության ինստիտուտը հիմնադրվել է Գիտությունների ակադեմիայի հետ միաժամանակ` 1943-ի նոյեմբերի 29-ին: Նստաշրջանը սկսվել է կամակերպվել 1962-ից, մինչև հիմա կազմակերպվել է 33 նստաշրջան:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանի խոսքով` ամբողջ պատմությունը շարադրվել է սահմանափակումների շրջանակում, և այսօր հատկապես երիտասարդ պատմաբանների համար կա աշխատանքի հսկայական հնարավորություն: Նա նշեց, որ պատմության բնագավառում անելիքները շատ են, որովհետև պատմությունը զարգացող գիտություն է, և միշտ տուժում են բոլոր նրանք, ովքեր պատմության դասերը հաշվի չեն առնում իրենց խնդիրները լուծելիս, իսկ դրա համար պետք է պատմություն լավ իմանալ:
Նստաշրջանը կշարունակվի Աղվերանում՝ մինչև հուլիսի 7-ը: Կներկայացվեն պատմությանը նվիրված 23 գիտական զեկույցներ՝ ինչպես Պատմության ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների, ասպիրանտների և հայցորդների կողմից, այնպես էլ ԵՊՀ-ից, Մատենադարանից, «Շիրակ» հայագիտական հետազոտությունների կենտրոնից, ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարևորելով գիտական նստաշրջանը՝ համոզմունք հայտնեց, որ բոլոր գիտնականները իրենց առաջին քայլերը կատարում են երիտասարդ գիտաշխատողների նստաշրջանում:
«Սա կարևոր դպրոց է, որը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու և գիտության մեջ առաջին քայլերը կատարելու»,- ասաց Աշոտ Մելքոնյանը` հավելելով, որ գիտության մեջ իր առաջին քայլերը սկսել է այս գիտաժողովում իր զեկույցից:










































