Ֆրանսիան իր ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նա հիշեցրել է, որ հունիսին նշանակված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չկայացավ:
«Վերջերս կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների կարևորությունը, ինչպես նաև առաջընթացի հասնելու հավանականությունը: Մի խոսքով՝ Իլհամ Ալիևն առաջարկել է մոտակա ժամանակներս անցկացնել նախագահների հանդիպում»,- ասել է դեսպանը:
Դիվանագետը նշել է, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել հիմնական պարտավորությունների էությանը, իսկ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է, թե ինչ պարտավորություն է ստանձնում Ֆրանսիան»:
«Ֆրանսիան, ինչպես մյուս պետությունները, ջանքեր է գործադրել այս հակամարտության լուծման համար և ապագայում իր ներդրումը կունենա այս գործընթացում»,- հավելել է Մոնյեն:










































