Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի համար մի շարք եվրոպական երկրների կողմից իրենց օդային տարածքը փակելն աննախադեպ, սակայն բացատրելի որոշում է: ITAR-TASS-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Միլանի կաթոլիկ համալսարանի միջազգային հարաբերությունների և իրավունքի պրոֆեսոր Վիտորիո Էմանուելե Պարսին:
«Իշխանություններն իրավունք ունեն փակել իրենց երկրի օդային տարածքը՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, սակայն դա անել ինքնիշխան պետության նախագահի ինքնաթիռի նկատմամբ, չափազանց աննախադեպ և փակուղու առջև կանգնեցնող քայլ է»,- ասել է Պարսին:
Նա նաև նշել է, որ Էդվարդ Սնոուդենը վերջերս ընդունվում է ոչ թե որպես «հանուն ճշմարտության պայքարող մարտիկ, այլ քաղաքական ակտիվիստ, որն իր նպատակների համար ապօրինի օգտագործում է ձեռքի տակ եղած տեղեկատվությունը: Իսկ այս դեպքում նա վտանգ է ներկայացնում և հավասարազոր դառնում ահաբեկչին»:








































