ՆԱՏՕ-ն ներկայում չի տեսնում ռուսական զինված ուժերի հետ կապված հնարավոր միջադեպերի պատճառով անդամ երկրներում զինված հակամարտությունների մեկնարկի անմիջական սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը լեհական «Գազետա վիբորչա» թերթին տված հարցազրույցում։
«Միջադեպերը բացառել չի կարելի»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է մեծ հնարավորությունը, որ հերթական միջադեպը ՌԴ զինված ուժերի ու ՆԱՏՕ-ի մասնակցությամբ չի հրահրի զինված հակամարտություն։ Դրա հետ կապված Սթոլթենբերգը հիշեցրել է թուրքական կործանիչի կողմից ռուսական «Սու-24»-ի խոցման դեպքի մասին։
«Եթե գործը հասնում է նման դեպքերին, պետք է արագ պարզաբանել իրավիճակը, որպեսզի այն դուրս չգա վերահսկողությունից»,- փաստել է նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում իր անդամ պետությունների համար։
«Դաշինքն ուժեղ է, միասնական, հարմարվում է փոփոխվող աշխարհին և կարող է պաշտպանել իր անդամներից յուրաքանչյուրին։ Սակայն հիմա, երբ մենք գործ ունենք սահմանին զինված ուժերի բարձր ակտիվության հետ, կարևոր է Ռուսաստանի հետ շփման հնարավորություն ունենալը»,- ասել է նա։
Սթոլթենբեգը ևս մեկ անգամ հաստատել է ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ «Մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների նոր մրցավազք։ Երկխոսությունը բխում է մեր շահերից»,- նշել է նա։
Հուլիսի 13-ին կկայանա դեսպանների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը։ Հինգշաբթի Վարշավայում ճեպազրույցի ժամանակ Սթոլթենբերգը չի բացառել, որ դրանից հետո կարելի է խոսել նախարարական մակարդակով խորհրդակցությունների նախապատրաստման մասին։







































