Իրանի կողմից հրթիռային փորձարկումները չեն համապատասխանում միջուկային ծրագրով ձեռք բերված բազմակողմ համաձայնագրի կառուցողական ոգուն, սակայն հարցը, թե արդյոք դրանք խախտո՞ւմ են ՄԱԿ-ի բանաձևերը, պետք է լուծի ՄԱԿ ԱԽ-ն։ Այս մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Իրանի զինված ուժերը մարտի 8-9-ին իրականացրել են բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ՝ սեփական արտադրության հրթիռների փորձարկումների եզրափակիչ փուլի շրջանակում։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ ԱԽ-ին ուղղված համատեղ նամակում հայտարարել էին, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձնական արձակումների ժամանակ գործի են դրվել հրթիռներ, որոնք ունակ են կրելու մարտական լիցք, ինչը խախտում է անցած հուլիսին ընդունված ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը ։ Նրանք պահանջել էին քննարկել Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման հանդեպ «պատշաճ պատասխան»։










































