Եգիպտոսի զինված ուժերն արգելել են նախագահ Մուհամմադ Մուրսիին և նրա շրջապատի անդամներին լքել երկրի տարածքը: Այս մասին այսօր հայտնել են ընդդիմադիր երիտասարդական «Տամարուդ» (Ապստամբություն) շարժման ներկայացուցիչները, որոնք կանգնած են հունիսի 30-ին զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաների հետևում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրանց խոսքով՝ արտերկիր ուղևորվելու արգելքը, նախագահից բացի, տարածվում է նաև նրա աշխատակազմի անդամների, ինչպես նաև «Մուսուլման եղբայրների» գործիչների վրա:
Երեկ ժողովրդական ելույթների թեժ պահին Կահիրեից Լոնդոն են թռչել խորհրդարանի 4 իսլամիստ պատգամավորներ՝ իրենց ընտանիքի անդամների հետ:
Զինված ուժերն իրենց անմիջական վերահսկողության տակ են վերցրել Եգիպտոսի օդային և ծովային ողջ տեղաշարժը: Նրանք հետևում են նաև տեղի բանկերի միջոցով իրականացվող բոլոր գործողություններին և խոստացել են արգելափակել բոլոր տարանցումները, որոնք կգերազանցեն գործող սահմանը: Բանակի ներկայացուցիչների խոստովանությամբ՝ «Մուսուլման եղբայրների» ղեկավարության բոլոր անդամները, ըստ էության, գտնվում են տնային կալանքի տակ:






































