Ինչպես գիտեք, բասկետբոլի Հայաստանի հավաքականը հասել էր աննախադեպ հաջողության՝ դառնալով Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն։ Թիմը եզրափակիչ մրցավեճում 79։71 հաշվով առավելության էր հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի հավաքականը րոպեներ առաջ վերադարձավ Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ մամլո քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, երկրպագուներ, լրագրողներ։
Բասկետբոլիստները հաճելիորեն զարմացած էին ջերմ ընդունելությունից․ «Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը։ Իսկապես բարդ մրցաշար էր, բայց կարողացանք հաղթել։ Ուշ ժամ է, բայց այսքան մարդ է հավաքվել։ Այս պատկերը տեսնելն իսկապես հաճելի է»,- ասաց Անդրե Սփայթ Մկրտչյանը, ով ճանաչվել էր առաջնության լավագույն բասկետբոլիստ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը նույնպես գոհ էր արդյունքից․ «Հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն ու նվիրումն է։ Կարճ ժամանակահատվածում ծավալուն աշխատանք է կատարվել։ Առջևում ավելի բարդ մրցաշարեր են։ Կազմի համալրման համար նոր թեկնածուներ կան։ Ընտրություն ենք կատարում»,- ասաց մարզիչը։








































