Եգիպտոսում արդարադատության, կապի և զբոսաշրջության նախարարները հրաժարական են տվել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի քաղաքականությանը, հաղորդում է «Ալ-Ահրամ»-ը:
Պարբերականը, վկայակոչելով կառավարության իր աղբյուրը, նշում է, որ նախարարների կաբինետի ղեկավար Հիշամ Քանդիլը դեռևս չի ծանոթացել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի դիմումին «չափից դուրս զբաղվածության» պատճառով:
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով, որոնք տեղի են ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշեր, զոհվել է մինչև 16, վիրավորվել՝ ավելի քան 600 մարդ:








































