ՀՀ նախագահականում հրավիրված խորհրդակցությունը բեմադրություն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով շաբաթ օրը ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը և նրա խիստ քննադատություններին՝ ուղղված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
Զ. Փոստանջյանը նշեց, որ հետևում է քաղաքական անցուդարձին, և հասկանում ու գիտակցում է, որ Սերժ Սարգսյանն այն անձը չէ, որը պետք է գտնվի Բաղրամյան քսանվեցում: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը խոսում է կոռուպցիայի մասին, սակայն դրա գնահատականը մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ում քննարկված զեկույցն էր, որտեղ Հայաստանը ԵԽԽՎ անդամ պետությունների ցանկում կոռուպցիոն ցուցանիշներով խայտառակ հնգյակում էր:
«Խայտառակ կոռուպցիա է տիրում Հայաստանում, և դժգոհել Իշխան Զաքարյանի գործունեությունից՝ արդար չէ, քանի որ նա ներկայացրեց փաստեր, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից: Հստակ է, որ Տարոն Մարգարյանը վերցրել է ավագանու իրավունքները և ինքն է աճուրդներ անդցկացրել և օտարվող հողատարածքի գինն է որոշել։ Ստացվում է, որ, իրոք, այն ինչ նշված է զեկույցում, փաստեր են անհերքելի և չեն հերքվել այդ մարմինների կողմից, որոնք իրականացրել են, ուստի մենք գործ ունենք համատարած յուրացումների հետ, որը տեղի է ունենում բարձրաստիճան պետպաշտոնյաների կողմից»,- մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ ՎՊ-ն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր կարող կազմել այսպիսի զեկույց։ Այն, ըստ նրա, կազմվել է Սարգսյանի համաձայնությամբ, բայց հետագայում դարձել է բեմադրությում՝ թատրոնի հաջորդ արարը: Նրա կարծիքով՝ առաջին արարն ԱԺ դահլիճում տեղի ունեցավ, իսկ հետո նախագահականում՝ Սերժ Սարգսյանի «բանտախցերից» մեկում: Զարուհի Փոստանջյանը հավանաբար ակնարկում էր, որ իշխանությունը փորձում է Իշխան Զաքարյանին քավության նոխազ դարձնել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































