ԱԺ գարնանային նստաշրջանի օգտակար գործողության գործակիցը զրո էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։
Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ նստաշրջանն, ըստ էության, հասարակության համար որևէ բարելավման նիշ չարձանագրեց: Ըստ նրա՝ չեն ընդունվել օրենքներ, որոնք կարող էին բարելավել մեր հասարակության որևէ անդամի սոցիալական վիճակը, քաղաքացիական, քաղաքական իրավունքները: «Արտահերթ նիստում նվազագագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը գալիս է փակելու այն գնաճը, որը տեղի է ունենում ամեն օր, որի ականատեսն ենք, որի անմիջական շահառուն ենք մենք մեր առօրյայում: ԱԺ ՕԳԳ-ն գնահատում եմ զրո: ԱԺ-ն նրա համար է, որ ընդունվեն օրենքներ, որոնք իրապես ծառայում են հասարակությանն ու ժողովրդին, իսկ մենք չունենք օրինագիծ, որի արդյունքում բարելավում է տեղի ունենում: Ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենքը սոցիալական որևիցե խնդիր չի լուծելու այն մարդկանց համար, ովքեր կյանք չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար, իսկ մենք պետք է այնպես անենք, որ քաղաքացին զգա, որ այսօր իր կյանքը բարելավվել է։ Իսկ մենք տեսնում ենք արտագաղթ՝ հսկայական ծավալի, զգում ենք այն ոչ միայն տեսնելով սահմանը, այլև լինելով արտերկրում»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: վերջինիս կարծիքով՝ սոցիալական վիճակն ամենապայթյունավտանգը Հայաստանում է:
«ԱԺ ՕԳԳ-ն վերականգնելու համար պետք է ցրել այդ խորհրդարանը, կազմակերպել նոր ընտրություններ, որպեսզի այնտեղ ներգրավված լինեն այնպիսի անձեր, ովքեր զերծ են կոռուպցիայից և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության շահերը»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































