Արքայազն Ուիլյամն ու նրա կինն իսկապես թագավորական հանգստի են: «Դարի հարսանիք» անվանված 35 մլն դոլար արժողությամբ նրանց հարսանեկան արարողության հետ համեմատած ամուսնական ճամփորդության համար ծախսվող գումարները միգուցե փոքր թվան, սակայն դա թույլ կտա հանգիստն անցկացնել բարձրագույն մակարդակով:
Մինչև վերջերս գաղտնի էր պահվում Ուիլյամի և Քեյթի հանգստավայրը: Սակայն երեկ հայտնի է դարձել, որ նրանք հանգստանում են Սեյշելյան կղզիների մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող մեկուսացած մի կղզում, որը կոչվում է Ֆրեգատ:
Լրագրողները պարզել են, որ այստեղ արքայազնը վարձել է նախագահական վիլլա` օրական 14,400 դոլար արժողությամբ: Նրանց տրամադրության տակ են առանձին խոհարար և ծառայապետ: Վիլլան ունի առանձին լողավազան, իսկ Քեյթի և Ուիլյամի տրամադրության տակ կա փոխադրամիջոց, որով նրանք կարող են շրջել այդ կղզով: Հայտնի է, որ նորապսակներն այս ուղևորության վրա ծախսելու են մինչև մեկ միլիոն դոլար: