Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քաղաքական համաձայնության արդյունքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 5, ձեռնպահ 2 պատգամավոր:
Հունիսի 16-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկման մասնակից խորհրդարանական 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրել են հայտարարություն, որով հաստատել են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը: Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն ընդգրկված էր կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Առաջարկվող փոփոխությունների մի մասը, որոնց կատարումը չի պահանջում ֆինանսական միջոցներ, ուժի մեջ կմտնեն օրենքի ընդունվելուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ այն դրույթները, որոնց իրականացումը ենթադրում է ֆինանսական միջոցների ներգրավում, կհամարվեն պայմանական և այդ միջոցները չգտնելու դեպքում չեղյալ կհամարվեն: Առաջարկվող փոփոխությունները կատարելու համար կպահանջվի 16 միլիոն եվրո, որից 3 միլիոն եվրոն տրամադրելու պատրաստակամություն է հայտնում կառավարությունը: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերած քաղաքական ուժերը հայտարարությամբ դիմել են դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցով:
Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել ընտրողների մատնահետքերով գրանցման համակարգ, ինչի համար մինչ քվեարկությունը բոլոր ընտրողները պետք է նախագրանցվեն և ստանան նույնականացման քարտեր: Նախատեսվում է բոլոր ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ և ապահովել ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակում: Առաջարկվող փոփոխություններով ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի համար առավել մատչելի են դարձվում ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները: Վերջին փոփոխությունն ու ժի մեջ կմտնի օրենքի ընդունումից հետո՝ անկախ ֆինանսական միջոցների առկայությունից:










































