Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական ուժերը կարծես թե անցել են հանգստի, և մինչ խոսվում է այն մասին, որ աշնանը հնարավոր է քաղաքական աշխուժացում և իրադարձությունների նոր զարգացում, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նույնիսկ աշնանը աշխուժացում չի լինի, քանի որ հասարակությունն այլևս անտարբեր է քաղաքական գործընթացների հանդեպ․ «Այսօր ես քաղաքական ուժերի աշխույժ գործունության համար համապատասխան նախադրյալներ չեմ տեսնում: Ինչո՞ւ, որովհետև արդեն հասարակության մեծամասնության գիտակցության մեջ գերիշխող կարծրատիպ է դարձել այն մտածելակերպը, որ այս երկիրը ապագա չունի, ինչը և ցույց է տալիս այն արտագաղթի մեծ հոսքը, որ այսօր կատարվում է:
Բացի դրանից, վերջերս տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նկատմամբ հասարակությունը դրսևորեց զրո վերաբերմունք, դա և՛ Գորիսում տեղի ունեցած իրադարձություններն են, և՛ վարչապետի օֆշորային սկանդալն էր, և՛ գազի գնի թանկացումը, և՛ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց հասարակությունը որևէ կերպ չարձագանքեց: Դա նշանակում է մեկ բան, որ հասարակության զգալի մասը հեռանում է երկրից, հետևաբար նրանք քաղաքական ուժերի համար գործողություններ իրականացնելու խթան չունեն»։
Ա․ Բադալյանի դիտարկմամբ՝ քաղաքականությունը պետք է սնուցվի հասարակության խթանով, և եթե հասարակության մոտ չկա որևէ ակտիվ գործընթաց իրականացնելու խթան, ապա աշնանը քաղաքական ուժերը ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու հենակետ չեն ունենա. «Աշնանը ակտիվ քաղաքական գործունեություն չի նախատեսվում, որովհետև չկա շարժառիթ, հանրահավաք անեն՝ ինչի՞ համար, ընտրություններ չկա, ընտրությունները 2017 թվականին են, ՏԻՄ ընտրություններն էլ նշանակություն չունեն, այսինքն՝ չկա որևիցե մի քաղաքական միջոցառում, որի ժամանակ քաղաքական ուժերը ակտիվ լինեն, առավել ևս, երբ հասարակությունը փաստորեն քաղաքականության մեջ այլևս չի ուզում խառնվել, նա ուղակի արտագաղթում է երկրից»:
Այն հարցին, թե մինչև 2017 թվականը քաղաքական որևէ զարգացում, փաստորեն պետք չէ՞ ակնկալել, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Մենք չենք կարող ասել ֆորս-մաժոր չի լինի, եթե ֆորս-մաժոր լինի, դա կարող է լինել ինչ-որ արտաքին ազդակներից, բայց ես չեմ տեսնում, որ արտաքին ուժերը այսօրվա դրությամբ ուզեն ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել և իշխանափոխություն անել, որովհետև դրա իմաստը չկա: Գործող իշխանությունը ձեռք է տալիս ինչպես Արևմուտքին, այնպես էլ Ռուսաստանին, իհարկե այդ հարցի կապակցությամբ շատ է արծարծվում ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի և Մաքսային միության հարցը, բայց կարող եմ ասել, որ դա ուղղակի արհեստականորեն ուռճացված հարց է և չի դառնա ֆորս-մաժորային իրավիճակ, որն օգտագործելով՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Արևմուտքը փորձեն Հայաստանում ներքաղաքական խնդիրներ առաջացնել:
Մի խոսքով, խորհրդարանական և այս տարվա Երևանի ավագանու ընտրությունները վերջնականապես հանգեցրեցին նրան, որ հասարակությունն ու իշխանությունը ամբողջովին իրարից տարանջատվեցին, և ամեն մեկն իր խնդիրներն ունի: Եթե ընտրությունների ժամանակ հասարակության մոտ ինչ-որ մի հույս կար, որ կարող է փոփոխություն լինել, ապա մայիսի 5-ից հետո հստակ է՝ որևիցե փոփոխություն չի լինելու:
Հուլիսի 1-ից գազը թանկանալու է, և բնականաբար՝ հոսանքն էլ, ու դրանից բխելու է այլ պարենային կամ ոչ պարենային ապրանքների թանկացում, այսինքն՝ որևիցե դրական բան տեղի չի ունենալու, դա էլ ստիպում է, որ քաղաքացիները հազարներով լքեն երկիրը, երբ որ արտագաղթն այդպիսի պայմաններ ունի, ընդդիմադիր ուժերը՝ անկախ նրանից իրենց ընդդիմադիր են համարում, թե այլընտրանք՝ նրանք չեն կարող որևիցե ակտիվ գործունեություն իրականացնել»:
Խոսելով հասարակության անտարբերության մասին՝ Ա․ Բադալյանը հիշեցրեց մի քանի իրադարձություններ, որոնց հասարակությունը զրո ուշադրություն է ցուցաբերել. «Մենք տեսնում ենք վարչապետի օֆշորային պատմությունը, ելնում եմ անմեղության կանխավարկածից և չեմ ասում, որ վարչապետը մեղավոր է, բայց եթե նորմալ երկրներում այսպիսի պատմություն լիներ, հասարակության հազարավոր անդամներ կհավաքվեին ոստիկանության կամ դատախազության մոտ և կպահանջեին արագ պարզել այդ հարցը, բայց մենք տեսանք նրանց անտարբերությունը. կամ օրինակ՝ Ռուսաստանը մեկ միլիարդի զենք վաճառեց Ադրբեջանին, հետաքրքրություն առաջացավ լրագրողների մոտ՝ ելնելով իրենց աշխատանքային պարտականություններից, փորձագետների մոտ, քաղաքական գործիչների մոտ, բայց հասարակությունը զրո արձագանք դրսևորեց դրա նկատմամբ՝ գոնե մի տաս հոգի Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց անեին»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ չկա հասարակության արձագանք, որովհետև հասարակությանը դա այլևս չի հետաքրքրում, և նման իրավիճակում անիմաստ է քաղաքական որևէ իրադարձություն ակնկալել աշնանը. «Միայն մի բան կարող է լինել մինչև աշուն՝ բնակիչների թիվը 60-70 հազարով կպակասի»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































