Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը չեղյալ են հայտարարել Հյուսիսային Կորեայի հրթիռը որսալու և ոչնչացնելու հրամանը, որից հետո կիրակի գիշերը Տոկիոյում պաշտպանության նախարարության տարածքից դուրս են բերվել Patriot, PAC-3 տեսակի զենիթահրթիռային կայանները։ Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի անվտանգությանը սպառնալու դեպքում հյուսիսկորեական հրթիռը որսալու հրամանն արձակվել էր ապրիլի 7-ին՝ այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել էին ենթադրություններ այն մասին, թե Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կարող է իրականացնել իր բալիստիկ հրթիռի փորձարկումը: Ընդ որում, հրամանն արձակվել էր այն բանից առաջ, երբ Կորեան հրապարակել էր հրթիռը փորձարկելու մասին պաշտոնական հաղորդագրությունը:
Ավելի ուշ ճապոնական կառավարությունը քննարկել է ԶՀԿ-ների՝ մայրաքաղաքում մշտական տեղակայության մասին հարցը, սակայն վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել:
Հյուսիսկորեական հրթիռը որսալու մասին հրամանը չեղյալ համարելու որոշումն ընդունվել էր նախօրեին: Ինչպես նշվում է ճապոնական կառավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հյուսիսային Կորեան զգալիորեն կրճատել է սադրիչ արտահայտություններն ու գործողությունները, ինչպես նաև հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով բանակցություններ վարելու մտադրությամբ:










































