ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք լի էին պատմական անճշտություններով:
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Ալիևի հայտարարությունը, ըստ որի Ալիևը չի կարծում, թե վստահության մեխանիզմները պետք է կիրառվեն, բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Վիեննայում:
«Կարծում եմ, որ այստեղ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան՝ կապված Ալիևի նման հետքայլի և մերժողական մոտեցման հետ»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի անհրաժեշտության վերաբերյալ, Շարմազանովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձև և ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն անում է Ալիևը։ ԼՂ ժողովուրդը 88 թվականն սկսել է իր պայքարն անկախության համար ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ինքնորոշման պայքարը ավարտվի հաղթանակով, իսկ հաղթանակը ԼՂ ժողովրդի պարտադիր կամարտահայտության իրականացումն է, որի արդյունքում ԼՂ ժողովուրդը ինքը կորոշի իր ճակատագիրը»:
«Պարոն Ալիևը չի Ղարաբաղի ժողովրդին անկախության տվողը, Աստված է տալիս յուրաքանչյուր ազգին ազատության և անկախության ձգտումը, միջազգային իրավունքն էլ այդ իրավունքը ընձեռում է ցանկացած ժողովրդին, այդ թվում նաև՝ Արցախի ժողովրդին: Ինձ համար առնվազն տարօրինակ է, թե ինչու Մեծ Բրիտանիայի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեով որոշել մնա՞լ ԵՄ կազմում, թե՞ ոչ։ Շոտլանդիան իրավունք ունի հանրաքվեի միջոցով իր կարծիքն արտահայտել, Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի, և հենց հերթը հասնում է Ղ ինքնորոշման իրավունքի իրացմանը, հայտնվում են ինչ-որ դեմքեր, դեպքեր, որոնք հարցականի տակ են առնում: ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը, կամարտահայտությունը երբեք չի կարող դրվել հարցականի տակ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Թող Արցախից այն կողմ գտնվող նավթադոլարներով հարուստ երկրում մոռանան դրա մասին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































