Եվրոպական գերտերություն ստեղծելու փորձը՝ ի պատասխան Brexit-ի, կհանգեցնի ԵՄ փլուզման: Այսպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկին լեհական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պրահայում Գերմանիայի, Ֆրանսիայի և Վիշեգրադյան խմբի (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա) ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մեկնելուց առաջ:
Վաշիկովսկու խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ ինքը կուզենար արևմտյան գործընկերներին հարցնել՝ «արդյոք նրանք հասկանո՞ւմ են, որ կատարվածի մեղքի մի մասը Բրյուսելի վրա է, և արդյոք Brexit-ին հարմար պատասխան կլինե՞ն ԵՄ քաղաքականացման, դաշնայնացման առաջարկները»,- ասել է նա
Ըստ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի՝ գերտերության գաղափարում կան քննարկման արժանի նախաձեռնություններ, մասնավորապես, ընդհանուր սահմանային պահպանության ստեղծման մասին, որը կպաշտպաներ միգրանտների հոսքից: «Բայց ԵՄ-ում ինչ-որ ներքին միության ստեղծումը՝ նախագահով կամ ներքին խորհրդարանով, ԵՄ բաժանման, դրա փլուզման բաղադրատոմս է»,- ասել է նա:
Այսպես Վաշիկովսկին մեկնաբանել է Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետության ղեկավարների ստորագրած փաստաթուղթը, որի բովանդակությունը բացահայտում է TVP հեռուստաալիքը: Այդ փաստաթղթի տեքստի համաձայն՝ ԵՄ անդամ երկրները պետք է զրկվեն սեփական բանակից, հատուկ ծառայություններից, առանձին հարկային համակարգից, արժույթից, սահմանների վերահսկողությունից: Ծրագիրը նախատեսում է նաև միասնական վիզային համակարգի ստեղծում և ընդհանուր արտաքին քաղաքականության վարում:







































