Մադրիդի ամենաաշխույժ փողոցներից մեկում, նորաձև բուտիկների առավել խիտ հագեցած հատվածում նկարչուհին բեմադրել է սեփական մահը:
Իոլանդան ու նրա մի քանի համախոհ հագել են հայտնի բրենդների իրեր, պառկել են մայթին, իսկ նկարչուհին նրանց վրա շինարարական աղբ է լցրել:
Նման շոկային մեթոդով նկարչուհին ցանկանում է ուշադրություն հրավիրել մի խնդրի վրա, որի մասին շոփինգի ու նորաձև բրենդների սիրահարները չեն ուզում մտածել, գրում է Adme.ru-ն:
2013 թ ապրիլի 24-ի Բանգլադեշի ողբերգությունը եվրոպական հասարակությունն այդպես էլ չնկատեց: Այդ օրը քանդվեց գործարանի տանիքը, որտեղ արտադրվում էր նորաձև հագուստ: Շենքի փլատակների տակ էր մնացել 1127 աշխատակից:
Հենց նրանք են նորաձևության իսկական զոհերը՝ աղքատներ կամ «երրորդ աշխարհի» երեխաներ, որոնք գրոշների դիմաց ու անմարդկային պայմաններում հագուստ, կոշիկ ու աքսեսուարներ են կարում նորաձևության ինդուստրիայի համար: Ու մահանում են աշխատավայրում, քանի որ արտադրողները գումար են խնայում անվտանգության տեխնիկայի վրա:










































