Մեծ Բրիտանիան մտադիր չէ ենթարկվել եվրոպական երկրների ճնշմանը և շտապել ԵՄ-ից դուրս գալու մտադրության մասին Բրյուսելին տեղեկացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու ձևակերպումը կկարգավորի հաջորդ վարչապետը այն բանից հետո, երբ 2016 թվականի աշնանը ներկա վարչապետը պաշտոնանկ կլինի:
«Բրիտանիայի համար ժամանակային շրջանակները մնում են նույնը: Մեր եվրոպական գործընկերները կցանկանային, որ դա մենք անեինք ավելի արագ, մենք ճնշման տակ ենք: Սակայն բանակցությունները չեն սկսվի մինչ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի իրացումը»,- ասել է Համոնդը:
Ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի՝ ԵՄ ցանկացած անդամ-երկիր կարող է որոշում ընդունել ԵՄ կազմից դուրս գալու: Այդ գործընթացի սկսման համար երկիրը պետք է պաշտոնապես տեղեկացնի Բրյուսելին այդպիսի մտադրության մասին, որից հետո սկսվում է բանակցային գործընթացը:









































