ՌԴ կապի ու զանգվածային հաղորդակցության նախարարությունը նախապատրաստել է փոփոխություններ, որոնք հստակեցնում են նացիզմի քարոզչության համար պատասխանատվությունը՝ գրում է Izvestia-ն:
Ներկայում Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը արդեն ունի հոդված, որը պատժամիջոցներ է սահմանում դրա համար, սակայն պաշտոնյաները որոշել են ճշգրտել որոշ դրույթներ:
Օրենքի ներկա խմբագրման համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ցանկացած կինո կամ հեռուստածրագիր խստապահանջ քննադատների կողմից կարող է համարվել նացիզմի քարոզչություն:
Այդ պատճառով պաշտոնյաները առաջարկել են օրենսգրքում ամրագրել, որ նացիստների խորհրդանիշների օգտագործումը քննադատական, գիտական, լուսավորական, ուսումնական ու մշակութային նպատակներով չի համարվում իրավավախտում:
Ընդ որում՝ դրա օգտագործումը պետք է համապատասխանի առաջադրված նպատակներին, իսկ նյութերը չարդարացնեն նացիզմը կամ ֆաշիզմը:
Փոփոխություններն արդեն հրապարակավ քննարկվել են, և ներկայում դրանք ենթարկվում են հակակոռուպցիոն փորձաքննության:











































