ԱՄՆ-ը չի պատրաստվում ԿՀՎ նախկին աշխատակից, ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Էդվարդ Սնոուդենի արտահանձնման պահանջը վերածել Ռուսաստանի և մի քանի այլ երկրների հետ հարաբերություններում առաջնահերթ կարևորության թեմա: Այս մասին ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը՝ Դաքարում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նա ուղեկցում է Օբամային, որը ներկայում գտնվում է Սենեգալի մայրաքաղաքում՝ աֆրիկյան երկրներով շրջագայության շրջանակում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օբաման երեկ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է Սնոուդենի գործը քննել աշխատանքային մակարդակով: Ռոդսը պարզաբանել է, որ խոսքն ընդունված պրակտիկայով հարցի լուծման մասին է, ոչ թե մի շարք պետությունների հետ իրենց երկկողմ հարաբերությունների մեջ այդ հարցը բացառիկ դարձնելու:
Հիշեցնենք, որ Սնոուդենը հունիսի 23-ին Հոնկոնգից մեկնել էր Ռուսաստան: Նրա ամերիկյան անձնագիրն անվավեր է համարվել, այդ իսկ պատճառով նա չի կարող դուրս գալ Ռուսաստանի տարածք կամ ինքնաթիռի տոմս գնել: Նա «գերի» է մնացել «Շերեմետևո» օդանավակայանում:







































