Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախարարների ու կազմակերպությունների ղեկավարների հետ իֆթարի ժամանակ հայտարարել է, որ միջուկային գործարքին մասնակից և կողմնակից որևէ երկիր չի կարող թերագնահատել դրա նշանակությունը:
Նախագահը բարձր է գնահատել երկրի տնտեսական կայունությունը՝ հավելելով, որ միջուկային գործարքը կնպաստի վերջին երեք տարում կառավարության ձեռք բերած տնտեսական նվաճումների զարգացմանը:
Ռուհանին իր կառավարության համար դիվանագիտական մեծ հաջողություն է համարել այն, որ իրենց հաջողվել է փարատել իրանական միջուկային ծրագրի այսպես կոչված ռազմական բաղադրիչի հետ կապված կասկածները:
Ռուհանին կարևորել է նաև հետպատժամիջոցային ժամանակաշրջանը ճիշտ օգտագործելը՝ տնտեսական դիմակայություն իրականացնելու համար:










































