Գերմանական Lurssen նավաշինարանը պաշտոնապես հաստատել է, որ ռուս բիզնեսմեն Ալիշեր Ուսմանովին պատկանող Dilbar 156-մետրանոց սուպերզբոսանավի համախառն տարողությունը կազմում է 15917 տոննա: Այս մասին հայտնում է Yacht Harbour-ը:
Այդպիսով, Dilbar-ը ներկայումս աշխարհի ամենաընդարձակ մասնավոր զբոսանավն է: Երկրորդ տեղում Օմանի սուլթանի Al Said զբոսանավն է (15850 տոննա), երրորդը Աբու-Դաբիի էմիրի Azzam զբոսանավն է (13136 տոննա): Դրանք բոլորը կառուցել է Lurssen նավաշինարանը:
Պատվիրատուին այս տարի ավելի վաղ փոխանցված Dilbar զբոսանավի կորպուսը պողպատից է, վերնաշենները՝ ալյումինից, ներսի ընդհանուր տարածքը 3800 ք.մ է: Նշվում է, որ նավի ներսում օգտագործված էլեկտրական լարերի երկարությունը գերազանցում է 1100 կմ-ը: Նավի գինը չի հրապարակվում, բայց փորձագետներն այն գնահատում են մոտավորապես 600 մլն դոլար:








































