«Մենք սպասում ենք Իվանիշվիլիի տված խոստումներին և համոզված ենք, որ նա դրանք կիրականացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր , «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը:
Նա նշեց, որ Հայաստանի համար էականն այն է, որ Վրաստանի ցանկացած իշխանության պայմաններում հայ-վրացական հարաբերությունները բարելավվեն:
Տաճատ Վարդապետյանի խոսքով՝ Իվանիշվիլին իր հետ հանդիպելիս վերահաստատել է, որ իրականացնելու է իր բոլոր խոստումները: Այդ խոստումներից էր Վահագն Չախալյանի ազատ արձակումը, ինչը և Իվանիշվիլին իրականացրել է:
Բանախոսն անդրադառնալով Սաակաշվիլիի կուսակցության ամենահավանական թեկնածու Վանո Մերաբիշվիլիի ձերբակալությանը՝ նշեց, որ չի կարծում, թե նա ամենահավանական թեկնածուն է. «Նման բաներ ամբողջ աշխարհում էլ լինում են, իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան»:
Նա հավելեց, որ մինչև հոկտեմբեր դեռ ժամանակ կա, և ջավախքահայերը մինչ այդ կորոշեն ում սատարել. «Ամեն դեպքում Իվանիշվիլիի կառավարությունը բավականին բարձր հեղինակություն ունի: Աբխազական երկաթուղին նույնպես խոստումների շարքում է, ինչի շնորհիվ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Մեր ծանր սոցիալ-տնտեսական վիճակը կապում եմ նաև դրա հետ, մեր հայրենիքի համար այն շահեկան կլինի: Մենք լուրջ հույսեր ենք փայփայում երկաթուղու վերաշահագործման հետ»:
Պարոն Վարդապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի Իվանիշվիլիի առաջադրած թեկնածուի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի մասին. «Լավ չեմ ճանաչում, սակայն եթե ջավախքահայերը նրա օգտին քվեարկեն, ապա Իվանիշվիլիի նկատմամբ ունեցած հարգանքից. նա որևէ էական բանով աչքի չի ընկել»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































