Ավստրալացի դերասան Ռասել Քրոուն հայտնվել է երկու քարի արանքում՝ դառնալով Ավստրալիայի իշխանությունների կողմից անցկացվող միգրացիոն քաղաքականության զոհը: Քչերը գիտեն, որ կյանքի 49 տարիներից 37-ը Սիդնեյում անցկացրած դերասանն Ավստրալիայի քաղաքացիություն չունի: Ողջ խնդիրը նրանում է, որ որոշ ժամանակ նա ապրել է Նոր Զելանդիայում: Այս մասին հայտնում է The Australian-ը:
Ռասել Քրոուն ծնվել է նորզելանդական Վելինգթոն քաղաքում՝ 1964 թվականին: Երբ ապագա դերասանը 4 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սիդնեյ: Նա բազմիցս տեղափոխվել է Նոր Զելանդիա, սակայն կյանքի մեծ մասը «Գլադիատոր» ֆիլմի աստղն անցկացրել է կանաչ մայրցամաքում:
Ավելին՝ նրան հաջողվել է տեղի ազգային հերոս դառնալ: Նրա լուսանկարը տպված է ավստրալական փոստային նամականիշերի վրա: Վերջերս էլ նա ամուսնացել էր Ավստրալիայի քաղաքացու հետ:
Այնուհանդերձ Ավստրալիայի իշխանությունները հրաժարվում են նրան քաղաքացիություն տրամադրել, քանի որ նա Նոր Զելանդիայի քաղաքացիություն ունի: Բանն այն է, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները վատացել են: Ավստրալիայի միգրացիոն քաղաքականությունում մի շարք փոփոխություններ են մտցվել:
Աստղի խոսքով՝ գլխավոր պատճառը, որի համար նա ցանկանում է Ավստրալիայի քաղաքացիություն ստանալ, իր երեխաներն են: «Այսօր, եթե մեզ մոտ խնդիրներ առաջանան, ստիպված կլինենք երկու տարբեր դեսպանատներ գնալ»,- ասել է դերասանը:










































