Այսօր WikiLeaks-ը, որն աջակցություն է ցուցաբերում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները չեն աշխատում նրա հետ:
«Անվտանգության դաշնային ծառայությունը Սնոուդենին չի հարցաքննում»,- ասվում է Twitter-ում հայտնված կազմակերպության հաղորդագրության մեջ: «Նրա հետ ամեն ինչ կարգին է, և WikiLeaks-ի աշխատակցուհի Հարիսոնը ողջ ժամանակ գտնվում է նրա կողքին»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նշենք, որ բրիտանացի լրագրող և իրավաբան Սառա Հարիսոնը, որը հանդես է գալիս Սնոուդենի իրավական խորհրդատուի դերով, հունիսի 23-ին նրա հետ «Շերեմետևո» է ժամանել: Հարիսոնը մտնում է WikiLeaks-ի իրավական խորհրդատուների թիմի մեջ:
Ինչպես RIA Novosti-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, Սնոուդենը կարող է ռուսական տարանցիկ այցագիր ստանալ, որը վավեր է երեք օրվա ընթացքում:






































