Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն արդարացրել է ԱՄՆ-ի հետ գաղտնի տվյալներով փոխանակությունը: Այս մասին գրում է The Guardian-ը: Բրիտանացի դիվանագետի խոսքով՝ Լոնդոնն ու Վաշինգտոնը գործում են «խիստ իրավական դաշտի» սահմաններում, իսկ գաղտնիությունն իրենց անհրաժեշտ է ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի համար: Այս մասին Հեյգը հայտարարել է Կալիֆոռնիայում Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարանում ունեցած ելույթի ժամանակ:
Ինչպես նշել է դիվանագետը, ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների միջև կատարվող տեղեկատվական փոխանակությունն անհրաժեշտ է անկայուն աշխարհում:
«Որոշ երկրներում գաղտնի ծառայությունները կիրառվում են ժողովրդին վերահսկելու համար, սակայն մեր դեպքում դրանք գոյություն ունեն միայն քաղաքացիների ազատությունների պաշտպանության համար»,- վստահեցրել է Հեյգը: Նա նշել է, որ ահաբեկիչներն ու հանցավոր ցանցերը գործում են գաղտնի, նույն կերպ են վարվում օտարերկրյա հետախուզությունները և նոր սպառազինությունների մշակողները: Նախարարը կարծում է, որ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պատասխանել նման գաղտնի գործողություններով:








































