Հայաստանը վերապրել է մոնղոլական արշավանք, թուրքերի իրականացրած Ցեղասպանություն, խորհրդային հետապնդումներ, սակայն դեռ վերածնվելու ուժ է գտնում, գրում է Ջան Անտոնիո Ստելլան Corriere della Sera պարբերականում :
Բազմադարյա ձյան սպիտակ թիկնոցով ծածկված սուրբ լեռ Արարատը հայերի համար երկու քայլ հեռավորության վրա է, սակայն՝ թուրքական սահմանում: «Ինչպես գրել է Ֆրենկ Վեստերմանը Նոյյան տապանի համար հանգրվան դարձած հանգած հրաբխի մասին իր գրքում՝ ինչ էլ որ անես Երևանում, Արարատը քեզ է նայում, սակայն՝ թուրքական սահմանից»,- գրում է հոդվածի հեղինակը:
Եվ եթե նույնիսկ հայերը փորձում են մոռանալ իրենց հազարամյա ողբերգական ճակատագրի մասին, ամեն անգամ արևը ծագում է Արարատի հետևից և հիշեցնում, թե ինչ է արել Թուրքիան Հայաստանի հետ՝ առաջացնելով տագնապի զգացողություն, գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դարձել է առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում և հրաշալիորեն պահպանվել է՝ չնայած բուզանդացիների, մոնղոլների, արաբների և թուրքերի բազմաթիվ դաժան հարվածներին:
«Հին Հայաստանը կոչվում էր երեք ծովերի թագավորություն, քանի որ, դատելով պատմական քարտեզներից, այն տարածվել է Սև ծովից մինչև Միջերկրական, Միջերկրականից մինչև Կասպից ծով: Ներկայում այն փոքր, սակայն հպարտ պետություն է, որը ելք չունի դեպի ծով: Սահմաններին նրան շրջապատում են 72 միլիոն իրանցի մուսուլմաններ, 75 մլն թուրք մուսուլմաններ և 9 մլն ադրբեջանցի մուսուլմաններ: Այդ ծովը տագնապ է առաջացնում»,- ընդգծում է հոդվածագիրը:
«Այնուհանդերձ, տեսնելով իրենց որպես իսլամական օվկիանոսի կենտրոնում քրիստոնեության կղզյակ՝ հայերը շարունակում են ապրել…»:
Հոդվածում նշվում է, որ անկախության առաջին տարիներին Հայաստանը հասել է տնտեսական աճի բարձր տեմպերի; Նրան նույնիսկ անվանել են «Կովկասի վագր»: Թեև համաշխարհային ճգնաժամն իր հետքը թողել է նաև այստեղ, սակայն արդեն հիմա երկրում դիտվում է զբոսաշրջային բում: Տնտեսական անկումից հետո՝ 2009 թվականին, տնտեսության աճը կրկին հասել է 19 տոկոսի՝ շնորհիվ օտարերկրյա ներդրումների և սփյուռքից ստացվող միջոցների:
Հոդվածագիրը նշում է, որ Երևանին հսկում է Մայր Հայաստանի արձանը՝ թուրը ձեռքին: Դրա փոխարեն կանգնեցված է եղել Ստալինի արձանը, որը տապալվել է 1967-ին: Ընկնելով՝ այն հարվածել է երկու աշխատողներին, որոնք էլ դարձել են ստալինիզմի վերջին զոհերը: Նշվում է, որ ամենից սերտ հայերը կապված են ռուսներին, քանի որ վտանգի դեպքում ոչ ոք Եվրոպայի վրա հույս դնել չի կարող, իսկ ռուսների վրա՝ այո:
«Վտանգի դեպքում «կրտսեր» քրիստոնյա կովկասյան եղբորը պաշտպանելու համար թռիչքի են պատրաստ ՄիԳ-երը, որոնք նախագծել է հայազգի Արտեմ Միկոյանը՝ Ստալինի զինակից Անաստաս Միկոյանի եղբայրը: Հայերը ներեցին Միկոյաններին ամեն ինչում, սակայն ոչ Լենինին: Նրա արձանը դրված է Պատմության թանգարանի տարածքում՝ առանց գլխի: Նրա մատը, որը երբևէ ցույց է տվել ուղղություն դեպի սոցիալիստական ապագա, այժմ դեպի երկինք է ուղղված»,- եզրափակում է հոդվածագիրը:










































