ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Աֆղանստանի առաջնորդ Համիդ Քարզայի հետ: Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ Աֆղանստանում բռնության դադարեցման ամենաճիշտ միջոցը համազգային հաշտեցումն է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
Այդ երկխոսությունը եղել է պարբերական խորհրդակցությունների մաս: Երկու երկրների նախագահները քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համազգային հաշտեցմանն ուղղված ջանքերի կարևորությունը, 2014-ին Աֆղանստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստությունը և անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի մշակման ընթացքը: Այդ փաստաթուղթը կոչված է կանոնակարգելու 2014-ից՝ կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո, Աֆղանստանում ԱՄՆ հակաահաբեկչական օպերացիաների անցկացումը,ամերիկյան ուժերի կողմից տեղի անվտանգության ուժերի պատրաստումը:
Զրուցակիցները հաստատել են իրենց աջակցությունը Դոհայում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցչության ստեղծմանը՝ նրա լիազորված ներկայացուցիչների և Աֆղանստանի Գերագույն խորհրդի հետ բանակցություններ սկսելու նպատակով:










































