Էկվադորը Սնոուդենին փախստականի փաստաթղթեր է տրամադրել, որպեսզի նա կարողանա լքել Հոնկոնգը: Այս մասին, ինչպես վկայում է ITAR-TASS-ը, հայտնել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանող Ջուլիան Ասանժը:
«Սնոուդենն ունեցել է Էկվադորի կառավարության կողմից տրամադրված փախստականի փաստաթղթեր»,- ասել է Ասանժը:
Նա, սակայն, հավելել է, որ Էկվադորի կողմից նշված փաստաթղթերի տրամադրումը չի նշանակում, որ ԿՀՎ նախկին աշխատակիցն այդ երկրում քաղաքական ապաստան կստանա։
Ասանժը հայտարարել է նաև, որ իր տվյալներով՝ Սնոուդենը և նրան ուղեկցող լրագրող Սարա Հարիսոնն «առողջ և անվտանգ» են, իսկ Սնոուդենը լրտես չէ և Մոսկվայում եղած ժամանակ էլ չի հարցաքննվել:









































