Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը (ներառյալ` խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը` DCFTA-ը) մի քանի համեմատաբար «սուր» կետեր ունի, որոնք մեր ռուսամոլ գործիչները կարող են օգտագործել` որպես համաձայնագրի դեմ փաստարկներ: Դրանք են` «կոնյակ» բառի օգտագործման իրավունքից Հայաստանի արտադրողներին զրկելը, ատոմակայանին վերաբերող ձևակերպումը, գյուղատնտեսությունում խնդիրները, որոնք կառաջանան DCFTA-ի ուժի մեջ մտնելուց հետո և նույնասեռականների նկատմամբ խտրականության բացառման օրենսդրությունը (այն այլ խմբերի էլ է վերաբերելու, բայց հատկապես շահարկվողը նույնասեռականների հատվածն է):
Ինչո՞ւ Հայաստանի արտադրողները չեն կարողանալու օգտագործել «կոնյակ» և «շամպայն» բառերը: Որովհետև այդ բառերը Ֆրանսիայում գտնվող բնակավայրերի անուններ են: Մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ենթադրում է, որ աշխարհագրական անվանումները կարող են օգտագործվել միայն տվյալ բնակավայրերում արտադրվող ապրանքների (շշալցվող խմիչքների) համար: Այսինքն` եթե, օրինակ, Փարիզում ամբողջությամբ նույն տեխնոլոգիաներով ու բաղադրությամբ շշալցում կատարվի, ինչ որ կատարվում է Կոնյակ քաղաքում, միևնույն է` Փարիզում շշալցվողի դեպքում «կոնյակ» բառը չի կարելի օգտագործել: Այս պահանջը հարգում են ԵՄ անդամ բոլոր երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու շատ այլ երկրներ: Ավելին` այդ պահանջը հարգելը ենթադրում է հրաժարում այլ բնակավայրերում (երկրներում) «կոնյակ» անունով շշալցված խմիչքը ներմուծելուց: Եվ քանի որ այդ պահանջին ենթարկվում են ավելի ու ավելի շատ երկրներ, Հայաստանում շշալցվող կոնյակը, միևնույն է, կորցնելու է արտահանման շատ շուկաներ, եթե անգամ չկնքվի Ասոցացման համաձայնագիրը:
Բայց այդ բառն օգտագործելու իրավունքից մեր արտադրողները միանգամից չէ, որ զրկվելու են: Բրյուսելում DCFTA-ի բանակցությունների 6-րդ փուլի ավարտից հետո ամենայն հավանականությամբ պարզ կլինի, թե դեռ քանի տարի մենք կկարողանանք օգտագործել «կոնյակ» և «շամպայն» բառերը:
Ատոմակայանի վերաբերյալ, մեր տեղեկություններով, կողմերը համաձայնել են հետևյալ ձևակերպմանը` Հայաստանը պետք է քայլեր անի մինչև 2020 թվականը գործող ատոմակայանը շահագործումից ամբողջությամբ հանելու համար: Խոսքը ոչ թե ընդհանրապես Հայաստանի ատոմակայան չունենալու, այլ միայն Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելու մասին է: Այժմ շահագործումից հանելու պլան է մշակվում, և մեր տեղեկություններով` հայկական կողմը սպասում է ԵՄ արձագանքին: Այսինքն` ԵՄ-ն պետք է որոշի, թե ինչ ժամկետներում ֆինանսական ինչ օժանդակություն է ցույց տալու, որպեսզի կամ կառուցվի նոր ատոմակայան, կամ էլ այլ աղբյուրների հաշվին ամբողջությամբ փոխհատուցվի գործողի արտադրած էլեկտրաէներգիան:
Քանի որ DSFTA-ը ենթադրում է զրոյական մաքսատուրքեր, մեր երկրում գյուղմթերքի և (կամ) դրա հետ կապված ապրանքների ներմուծումը կարող է հեշտանալ: Եվ քանի որ այդ բնագավառում մենք խիստ ցածր արտադրողականություն ունենք, տեղական արտադրանքի մի մասը կարող է դուրս մղվել: Մյուս կողմից էլ` հետազոտությունները ցույց են տալիս, որ զգալիորեն կաճի Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ, ինչը նշանակում է զբաղվածության աճ այդ արտահանման ոլորտներում: Արդյունքում` կարող է տեղի ունենալ գյուղական բնակչության արտահոսք քաղաքներ, քանի որ կաճի արտահանվող արդյունաբերական ապրանքների ոլորտում աշխատուժի պահանջարկը: Այս պրոցեսը, որքան էլ բացասական դիտվի, իր ազդեցության չափերով չի կարող անգամ համեմատվել այն հսկայական դրական տնտեսական հետևանքների հետ, որ կունենանք DCFTA-ի ուժի մեջ մտնելուց հետո` ի դեմս մրցակցային տնտեսության, մեծ արտահանման ու սպառողական ապրանքների գների նվազման (կամ ավելի ցածր գնաճի):
Պաշտոնական մակարդակում հայկական կողմը գրեթե երբեք չի առարկել նույնասեռականների նկատմամբ խտրականությունը բացառելու եվրոպացիների «կոչերին»: Ավելին` 2008-ին Հայաստանը միացավ նույնասեռականների իրավունքները պաշտպանող մի այնպիսի փաստաթղթի, որին անգամ ԱՄՆ-ն դեռ չի միացել: Սա կարելի է հասկանալ. անգլերեն իմացող ու քիչ թե շատ Արևմուտքին ծանոթ ցանկացած գրագետ դիվանագետ պարզապես վայրենու տպավորություն կթողնի, եթե հանկարծ պաշտոնական հանդիպումներում հնչեցնի այն «փաստարկները», որոնք հնչեցնում են մեր երկրում ռուսամոլներն ու բավարար չափով գիտելիքներ չունեցողները` նույնասեռականության դատապարտման համար: Չկա աշխարհում քրիստոնեություն ընդունած ու բարեկեցիկ մի երկիր (որտեղ 1 շնչի ՀՆԱ-ն գերազանցում է տարեկան 15-20 հազար դոլարը), որտեղ նույնասեռականությունը դատապարտելի երևույթ համարվի:
Մենք պետք է ընտրենք` եթե ուզում ենք դառնալ բարեկեցիկ, հզոր տնտեսությամբ երկիր, ապա ռացիոնալ ու գիտական հիմքերի վրա ձևավորված վերաբերմունք պետք է դրսևորենք նաև կյանքի շատ այլ ոլորտներում: Իսկ այլընտրանքը քրիստոնեությունից հրաժարումը կամ էլ բնակչությանը է՛լ ավելի աղքատացնելն է: Կարելի է, օրինակ, այնպես ավերել Հայաստանի տնտեսությունը, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ներկայիս մոտ 3300 դոլարից դառնա 500 դոլար, այդ դեպքում հասարակության մեծամասնությունը կզրկվի ռացիոնալ մտածողության վերջին մնացուկներից ու այնպես կչարանա, որ կպահանջի նույնասեռականներին կախաղան հանել:










































