Պակիստանում գրոհայինների հարձակման տարածքում գտնվող ալպինիստները դիմել են Ռուսաստանին՝ իրենց, ինչպես նաև հարձակման հետևանքով զոհվածների մարմինները տարհանելու խնդրանքով: Այս մասին P-Sport գործակալությանն ասել է Ռուսաստանում ալպինիզմի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Օվչիննիկովը:
«Մենք կապվել ենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մեր ուկրաինացի, լիտվացի և վրացի գործընկերները արտաքին նախարարության միջոցով կդիմեն Սերգեյ Լավրովին՝ հաջորդ շաբաթ միևնույն ինքնաթիռով բոլորին տարհանելու խնդրանքով:
Այնտեղ զոհվել են լիտվացի, ուկրաինացի և հայտնի չէ, թե էլ ով: Հնարավոր է, որ նույն ճամբարում եղել է 2 վրացի. նրանց ճակատագիրն անհայտ է: Ճամբարի հետ չենք կարողանում անմիջական կապ հաստատել: Կապ կա միայն այլ խմբերի հետ: Դրանցից մեկը գտնվում է լանջից 800մ բարձրության վրա, իսկ մյուսը բոլորովին այլ կողմում է»,- ասել է Օվչիննիկովը:
Ըստ հաղորդագրության՝ տուժածների շարքում ռուս չկա:










































